ՀՀ-ն միանում է «Եվրոպական ժառանգության օրեր»-ին

Սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի հանրապետությունը մշակութային ժառանգության ճանաչմանն ու հանրահռչակմանը միտված մի շարք միջոցառումներով կմիանա «Եվրոպական ժառանգության օրեր» ձեռնարկին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության կայքից: 

Կարևորելով պատմամշակութային զբոսաշրջության զարգացման գործում հարավային միջանցքի դերակատարությունը` վերջին տարիներին մեծ ժողովրդականություն վայելող «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը կկազմակերպվի «Ճանապարհ» խորագրի ներքո:

Երկու օր շարունակ Հայաստանի բոլոր մարզերում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, 50-ից ավելի թանգարաններ խորագրին համահունչ 100-ից ավելի միջոցառումներով և հատուկ ցուցադրություններով անվճար կհյուրընկալեն հասարակության լայն խավերին: Ժառանգության պահպանության ոլորտի բազմաթիվ մասնագետներ վարպետաց դասերի, դասախոսությունների, նորովի մեկնաբանությունների միջոցով հանրությանը կներկայացնեն մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված իրենց գործունեությունը, վերջին տարիների ձեռքբերումները:

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ. Եվրախորհրդի կողմից: 1999 թվականից սկսած միջոցառումների շարքը իրականացվում է Եվրախորհուրդ – Եվրամիություն համագործակցությամբ` «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով: