ԱՄՆ-ի դեմ բողոքի ալիքը շարունակվում է

Մուսուլմանական երկրներում շարունակվում են ցույցերը ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ: Դեսպանատները պաշտպանող զինվորները և ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել ցուցարարների վրա, տեղեկացնում է Rbc.ru-ն:

Այսպես՝ Թունիսի մայրաքաղաքում վերջին օրերի ընթացքում, ամերիկյան դեսպանատան առաջ անկարգությունների պատճառով, զոհվել է երկու մարդ, շուրջ 40-ը վիրավորվել է: Հենց այս գնով ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարների՝ դեսպանատուն ներխուժումը:

Բայցևայնպես, իրավիճակը Թունիսում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:  Դիվանագիտական ներկայացուցչության շրջակայքում մեքենաներ են տեղակայված, իսկ քաղաքում մուսուլմանները հարձակվել են ամերիկյան դպրոցի վրա:

Զոհեր են գրանցվել նաև Սուդանում, որտեղ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և մահակներ հակաամերիկյան ցույցերը ցրելու նպատակով: Սուդանի պետական ռադիոյի տվայլների համաձայն՝ անկարգությունների արդյունքում  մահացել է 3 մարդ:

Փողոցային բախումները շարունակվում են Եգիպտոսում, որտեղ իշխանությունները փողոց են դուրս բերել հատուկ նշանակության ջոկատների:

Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ԱՄՆ-ի դեմ բողոքի ալիքը սկսվել է «Իսլամի անմեղությունը» ֆիլմի՝ համացանցում հայտնվելուց հետո: Ֆիլմում քննադատորեն ներկայացվում է մարգարե Մուհամեդի կյանքը, ինչը վիրավորել է իսլամիստների զգացմունքները: