«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերը եգիպտացի է

«Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի ռեժիսոր Ալան Ռոբերտսը ավելի շատ հայտնի է որպես պոռնոգրաֆիկ ֆիլմեր նկարահանող: 65-ամյա ռեժիսորը մի շարք ֆիլմերի մոնտաժային աշխատանքների խմբագիր է, տեղեկացնում է Gawker ամերիկյան հրատարակությունը:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը նախնական տարբերակում կոչվում էր «Անապատի զինվորները»: Այն մասին, որ կինոնկարը ուրիշ անվանում ունի, ավելի վաղ հայտարարել էր ֆիլմում նկարահանված դերասանուհիներից մեկը:

Ալան Ռոբերտսի գործընկերները տեղեկացնում են, որ ռեժիսորը աշխատել է Արևելք նախագծի վրա: Նրա մտերիմների խոսքով՝ ռեժիսորը երբեք հակաիսլամիստական տրամադրություններ չի ունեցել, և ավելի հավանական է, որ նրան մոլորեցրել են ֆիլմի պրոդյուսերները:

Հիշեցնենք, որ մի քանի դերասաններ ֆիլմի՝ ինտերնետում հայտնվելուց հետո հայտարարել էին, որ իրենց հրավիրել են նկարահանվել Հին Արևելքի մասին ֆիլմում՝ «Անապատի զինվորները» անունով, և որ սցենարում չի եղել Մուհամեդի մասին որևէ ակնարկ: Այդ ամենը ֆիլմում հայտնվել է նկարահանումներից հետո:

Ամերիկյան մամուլի ներկայացուցիչներին հաջողվել է պարզել, որէ կինոնկարի պրոդյուսերը 55-ամյա եգիպտացի ոստիկան Նակուլա Բասելի Նակուլան է, որն ապրում է Կալիֆոռնիայում: Հենց նա է կազմակերպել ֆիլմի նկարահանումները և տեղադրել համացանցում՝ Սեմ Բեյսիլ ծածկանվան տակ:

2010թ. Նակուլան ձերբակալվել էր վարկային հաշիվների խարդախության համար, սակայն մեկ տարի հետո պայմանականորեն ազատ է արձակվել առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Ներկայում իշխանությունները ստուգում են՝ չի խախտել արդյոք Նակուլան վաղաժամկետ ազատման պայմանները, որոնց համաձայն՝ նրան արգելված է մատչումը ինտերնետին, ինչպես նաև առանց թույլտվության ծածկանունի օգտագործումը:

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը YouTube-ում էր հայտնվել հուլիսին, այս շաբաթ ցուցադրվել է եգիպտական հեռուստաալիքով: Ֆիլմը առաջացրել է հազարավոր մուսուլմանների զայրույթը, որոնք դուրս են եկել փողոցներ՝ բողոքի ցույցերով:

Մեկնաբանել