Թմրամոլության դեմ պայքարի ոլորտում մտահոգիչ դեպքեր կան. Ա.Բաղդասարյան

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. այս մասին տեղեկանում ենք ԱԱԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Մենք այսօր պետք է ամփոփենք 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում կատարված աշխատանքները: Դեռևս 2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք տվեցին պնդելու, որ մենք ունենք կայունության դրսևորում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռևս 2011թ. գրանցվել էր 1525 դեպք, և նախորդ տարվա համեմատ աճ չէր արձանագրվել: Արդեն 2012թ.-ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հանցագործությունների թիվը նվազել է 34.2 տոկոսով, նաև ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, որոնք նպաստել են թմրամոլության դեմ պայքարի ոլորտում հանցագործությունների կանխարգելմանն ու նվազմանը: Իրավախախտումների աճի բացակայությունն այս ոլորտում արդեն իսկ դրական է, բայց մենք պետք է քայլեր գործադրենք, որ դրանց ծավալները հետևողականորեն նվազեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս մտահոգիչ դեպքեր կան տարբեր ոլորտներում և ես կարծում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովն այս ուղղությամբ ունի ասելիք, անելիք, և մենք պետք է ակտիվ աշխատենք հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղություններով»:

Այնուհետև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի»` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով:

Բանախոսները փաստել են, որ 2012թ. ընթացիկ ժամանակաշրջանում ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները և ակնկալվում են դրական արդյունքներ: