Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը և Կիպրոսի արտգործնախարարը դատապարտել են Ադրբեջանի՝ Ռամիլ Սաֆարովին ներելու քայլը

Սեպտեմբերի 14-ին շարունակվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս, տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարար Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Յիանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորել են կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:
Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտել է մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձևին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին և այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:

Նույն օրը կայացել են Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրատո Կոզակու-Մարկուլիսի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Կիպրոսի արտգործնախարարը ասել է.
«Շատ հաճելի է ողջունել Կիպրոսում Հայաստանի արտգործնախարարին և ցուցաբերել նույնպիսի հյուրընկալություն, որին ես արժանացա անցյալ ապրիլին Երևան իմ այցելության ժամանակ, ինչպես նաև շարունակել հանգամանալից երկխոսությունը Կիպրոսի ավանդական բարեկամի և դաշնակցի հետ՝ մեր ռազմավարական գործընկերության ընդլայնման վերաբերյալ: Մի քանի օրից Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձն է և ես կցանկանայի սրտագին շնորհավորել այդ կապակցությամբ: Հայաստանի ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ իրենց երկիրը, կարճ ժամանակում հասել է նշանակալի առաջընթացի և ներկայանում է ոչ միայն իր հաջողություններով երկրի ներսում, այլ նաև հարգանք և վստահություն է վայելում միջազգային հանրության կողմից:»

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանը նշել է, որ ինքը ուրախ է կրկին այցելել Կիպրոս, որի հետ Հայաստանը կապում են ժամանակի փորձությունն անցած դարավոր բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, մի երկիր, որի խորհրդարանը առաջիններից, դեռևս 1982 թվականին, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, մի երկիր, որտեղ առկա է ակտիվ և օրինակելի ինտեգրված հայ համայնք:

Նախարարները հանգամանալից անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին, քննարկեցին վերականգնվող էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը՝ Եվրոպական Միության ԱԳ նախարարների խորհրդի նախագահը ասել է. «Մենք խորապես ափսոսում և դատապարտում ենք հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը և նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաև իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները և խոստումները, որոնք տրվել էին»:

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները քննարկել են մերձավորարևելյան զարգացումները:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի նախագահի նախաձեռնության մասին՝ Կիպրոսի ԱԳ նախարարն ասել է.
«Ես ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հաստատման, ներառյալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք ցավոք սրտի չեն իրագործվում Թուրքիան կողմից արձանագրությունների վավերացման ճանապարհին խոչընդոտներ հարուցելու պատճառով: Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման և հետադարձ քայլեր կատարելու տխուր և երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների և հետագա ապօրինի քայլերի»:

Մեկնաբանել