Չափազանց կարևոր է կուսակցությունների համագործակցությունն Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում. Բ.Սահակյան

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով.

«Միջոցառման հարգելի մասնակիցներ,

Քաղաքական կուսակցություններն այն կարևորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը: Նրանք հանդիսանում են նաև պետական համակարգի կենսագործունեության առանցքային բաղադրամասերից մեկը: Բնական է, որ ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը, նրանց միջև քաղաքակիրթ հարաբերությունները, այդ թվում նաև մրցակցությունը, մեծապես նպաստում են երկրի առաջընթացին, ներքին և արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:

Չափազանց կարևոր է նաև կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք:

Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջև կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետևողականորեն զարգացնել:

Միևնույն ժամանակ, անելիքներ նույնպես դեռ շատ ունենք: Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաև այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման և զարգացման մեջ:

Այս տեսանկյունից «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանը կարող է ունենալ իր արժանի ներդրումը մեր պետության համար չափազանց կարևոր գործընթացներում:

Վստահ եմ, որ միջոցառումը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները: Բոլորիդ մաղթում արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք»,- ասել  է նախագահը:

Միջոցառմանը, ըստ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի, մասնակցել են ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները: