Թիվ 35 ընտրատարածքում կնշանակվի ԱԺ լրացուցիչ ընտրություն

Սեպտեմբերի 14-ին Շիրակի մարզի թ.34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Գյումրու քաղաքապետի սեպտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքները: Դրանց հիման վրա կայացրած որոշման համաձայն, քաղաքապետ է ընտրվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը, և այս հիմքով առաջիկա օրերին պաշտոնապես վաղաժամկետ կդադարեցվեն Ս.Բալասանյանի պատգամավորական լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թ.35 ընտրատարածքում, որտեղից ընթացիկ տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ պատգամավոր էր ընտրվել Ս.Բալասանյանը, կնշանակի լրացուցիչ ընտրություն. հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով` մանդատը թափուր մնալուց հետո 80-օրյա ժամկետում:

Ի դեպ` Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի ճեպազրույցներում, ի պատասխան լրագրողների հարցերի, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ այս ընտարատարածքում թեկնածու առաջադրելու-չառաջադրելու որոշում դեռևս չեն կայացրել:

Ըստ խորհրդարանականների, նույնը վերաբերում է նաև Երևանի թ.1 ընտրատարածքին, որից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջինի լիազորությունները դադարեցված ճանաչելու մասին, սակայն, հնարավոր կլինի վստահաբար խոսել, երբ հրաժարականը կհամարվի ընդունված, այսինքն, եթե ԱԺ սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում դիմումը հրապարակվելուց հետո 15 օրվա ընթացքում Ռ.Հայրապետյանը հետ չվերցնի իր հրաժարականի դիմումը:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինողին, ապա այս դեպքում ևս հրաժարականը դեռևս ընդունված չէ, քանի որ Ր.Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու մասին դիմումը հրապարակվել է ԱԺ սեպտեմբերի 10-ի նիստում, և դիմումը հետ վերցնելու ժամկետը դեռևս սպառված չէ: Պատգամավորն ընտրվել է համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ մանդատը թափուր մնալու դեպքում այն կհանձնվի «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Ցուցակում այս պահին հաջորդը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, անկուսակցական Թևան Պողոսյանն է: