Մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ են հայկական զինված ուժերի պատմության ընթացքում և հավելել, որ դրանք նպաստում են ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանն ու փոխըմբռման մթնոլորտի բարձրացմանը: Սեյրան Օհանյանը կարևորել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրանացված և իրականացվող ծրագրերը` նշելով, որ ներկայումս կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի անդամ պետությունների անվտանգության ապահովման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հաջողություններ է մաղթել զորավարժությունների բոլոր մասնակիցներին` նշելով, ընդհանուր ջանքերի շնորհիվ զորավարժության մասնակիցներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:

ՀՀ պաշտպանության նախարարի բացման խոսքից հետո տեղի է ունեցել զորավարժությանը մասնակից պետությունների օրհներգերի կատարման և դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը: Ելույթներ են ունեցել մասնակից պետությունների ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱՊԿ ռազմական անվտանգության խնդիրների վարչության խորհրդական Անատոլի Տիմոշենկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ա. Յակովլևը, զորավարժություններին մասնակցող պետությունների ներկայացուցիչները:

Ողջույնի ելույթներից հետո Ռուսաստանի Դաշնության Օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների պարաշյուստիստները հանդես են եկել ցուցադրական ելույթով, վայրէջք են կատարել զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետությունների դրոշներով:

Բացման հանդիսավոր արարողության ավարտին հրամանատարական կազմի առջև հանդիսավոր քայլերթով անցել են «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումները: