Մահացել է Իսպանիայում ՀՀ նախկին դեսպան Էդուարդ Խոջայանը

Կյանքի 75–րդ տարում մահացել է Իսպանիայում Հայաստանի նախկին դեսպան Էդուարդ Խոջայանը, հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին` ժամը՝ 15:00-ին, Երևան Զառոբյան 10/2 հասցեից:

Էդուարդ Խոջայանը ծնվել է 1938թ. Երևանում` ծառայողի ընտանիքում: 1961թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի բաժինը։

Աշխատանքային գործունեությունը Էդուարդ Խոջայանը սկսել է 1961թ. Մինսկի ավտոմեքենաների գործարանում՝ աշխատելով որպես թարգմանիչ։ 1964-65 թթ. Աշխատել է որպես ավագ թարգմանիչ ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի պետական կոմիտեում։ 1965-1968 թթ. ղեկավարել է կոմիտեի թարգմանիչների խումբը Ալժիրում։

1968-ից աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, որտեղ մինչև 1986թ. զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, փոխհյուպատոսի, առաջին քարտուղարի, խորհրդականի պաշտոններ։ Բացի ԱԳՆ կենտրոնական ապարատից` Էդուարդ Խոջայանը երկար տարիներ աշխատել է նաև Լիբանանում և Ֆրանսիայում ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչություններում:

1987-1988 թթ. Խոջայանն աշխատել է որպես Հայկական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարարության կադրերի բաժնի վարիչ։ 1989-1990 թթ. Աշխատել է որպես ԽՍՀՄ պետական կոմիտեի СоюзЭВМкомплекс միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։ 1990-1992 թթ. աշխատել է որպես խորհրդաբրիտանական «Միկրոգրաֆ» ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ։

1992-ից Էդուարդ Խոջոյանն աշխատանքի է անցել ՀՀ ԱԳՆ համակարգում։ 1992-1994 թթ. զբաղեցրել է ներկայացուցչությունների հետ կապի բաժնի վարիչի, Եվրոպական երկրների վարչության պետի պաշտոնները։

1994-1996 թթ. հանդիսացել է ԵԽ փրկարարների պատրաստման երևանյան տարածաշրջանային կենտրոնի գործադիր քարտուղար, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների վարչության արտաքին կապերի բաժնի վարիչ։

1997-1998 թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում որպես Եվրոպայի վարչության պետ, իսկ այնուհետև Կանադայում ՀՀ դեսպանությունում որպես խորհրդական։

1998-1999 թթ. աշխատել է որպես ԱԳ նախարարի խորհրդական։

1999-2004 թթ. նշանակվել է ՀՀ դեսպան Իսպանիայում և Պորտուգալիայում։
2005-2006 թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ, իսկ 2006-2007 թթ.՝ ԱԺ նախագահի խորհրդական։

2006-ից Էդուարդ Խոջոյանը Իսպանիայի Թագավորության պատվո հյուպատոսն էր Հայաստանում։

2009թ. Իսպանիայի թագավորը Էդուարդ Խոջոյանին պարգևատրել է Իզաբելա Կաթոլիկի պարգևի սպայական խաչով։ Իզաբելա Կաթոլիկի պարգևի ասպետ էր։

Մեկնաբանել