Հացամթերքն ու շաքարավազը շարունակում են թանկանալ

Համաշխարհային շուկայում օգոստոսին շաքարավազի գների 9% անկման պայմաններում Հայաստանի ներքին շուկայում այն թանկացել է 0,1%-ով։ Ցորենի միջազգային գների 30%-ով աճը Հայաստանի ներքին շուկայում բերել է հացամթերքի գների 5,2%-ով բարձրացման։

Կենտրոնական բանկի «2012 թ. սեպտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012թ. օգոստոսին մնացել է գրեթե անփոփոխ՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով ընդամենը 0,1%-ով։ Այս պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազման տեմպերը դանդաղել են՝ կազմելով 8,9%:

Բրնձի միջազգային գինը ևս օգոստոսին աճել է՝ միջինում 2,5%-ով (տ/տ նվազումը՝ 7%):

Բրազիլիայում բերքահավաքի վերսկսման պայմաններում շաքարավազի միջազգային միջին գինը նվազել է 9%-ով, որի պարագայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է 28,8%:

Օգոստոսին միջին գների աճը շարունակվել է ցորենի միջազգային շուկայում՝ նախորդ ամսվա նկատմամբ միջինում 1,1% (տ/տ աճը՝ 6,9%), որն առավել խոշոր չափով դրսևորվել է հուլիսին՝ 25,1%։ Արդյունքում՝ անցած 8 ամիսներին ցորենի գինն աճել է շուրջ 30%-ով:

Ըստ ԿԲ-ի՝ այս ամենն անդրադարձել է ներքին գների վարքագծի վրա՝ արտահայտվելով օգոստոսին «Հացամթերք» ապրանքախմբի գների 1,3%, իսկ անցած 8 ամիսներին՝ 5,2% աճով: «Հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում:

Մեկնաբանել