Իսկ ո՞վ պետք է հսկի Արցախի իշխանություններին

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին բավական լուրջ մեղադրանքներ ներկայացրեց կառավարությանը՝ տնտեսությունում առկա արատավոր երևույթների մասին: Նախագահը մի քանի րոպեում հնչեցրեց այն, ինչը գիտի ամբողջ երկիրը: Նման ելույթներ նա էլի է ունեցել, և այդ խոսքերին կարող են հավատալ միայն այն դպրոցականները, որոնք առաջին անգամ լրատվական հաղորդումներ են նայում: Սրանով հանդերձ՝ նախագահի մակարդակով հաստատվում է, որ Հայաստանի տնտեսությունը կոռումպացված է, որ «ատկատները» սովորական երևույթ են, տենդերները շահում են միայն բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները, տարբեր շուկաներում կա անբերեխիղճ մրցակցություն:

Առաջիկայում նախագահական ընտրություններ են, իսկ բնակչությունն առավել քան դժգոհ է իշխանություններից: Հայաստանյան պաշտոնյաների շուրջ պայթող կոռուպցիոն սկանդալները ևս լրացնում են այս տխուր պատկերը: Սերժ Սարգսյանի նման վարվելակերպը հուսահատ քայլ է գոնե փոքր-ինչ վիճակը շտկելու և համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար: Հասկանալի է, որ այն քիչ հաջողելու հնարավորություն ունի, որովհետև այդ կոռուպցիոն համակարգը զարգացել է մեծապես նաև նախագահի հովանավորության պայմաններում:

Երկրի ներսում ծախսվող գումարների անարդյունավետության համար ՀՀ նախագահը հանդիմանում է կառավարությանը: Իսկ ո՞վ պետք է խոսի ՀՀ-ի կողմից Արցախին տրվող միջպետական վարկը ծախսելու անարդյունավետության մասին: Տարեկան մոտ 100 մլն դոլար ՀՀ հարկատուների գրպանից հատկացվում է Արցախին, և այս գումարի արդյունավետությունը հսկելու նորմալ մեխանիզմներ ՀՀ կառավարությունը չունի: Գումարների ավելի մեծ փոշիացումներ տեղի են ունենում Արցախում: Եթե ՀՀ-ում կա քիչ թե շատ աշխատող քաղաքացիական հասարակություն, մամուլ, ընդդիմություն, տարբեր շահեր, որոնց առկայությունը այս կամ այն չափով զսպում է համընդհանուր թալանը կամ գոնե հայտնաբերում է տարբեր դեպքեր, ապա Արցախում հասարակական հսկողության որևէ ինստիտուտ` լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, ընդդիմադիր քաղաքական ուժեր, չկան, ինչի արդյունքում տեղի է ունենում հանրային միջոցների սեփականացում` տարբեր մեխանիզմների միջոցով:

Իսկ ո՞վ պետք է հսկի Արցախի իշխանություններին. չէ ո՞ր Արցախին հատկացվող գումարի փաստից ավելի կարևոր է այդ գումարի ծախսման արդյունավետությունը: Ի վերջո, այդ գումարը ոչ թե Արցախի իշխանությունների համար է նախատեսված, այլ Արցախի ժողովրդի: Արցախում հանրային վերահսկողություն ստեղծելու փորձերը հանդիպում են ուժեղ հակազդեցության Արցախի իշխանությունների կողմից, որոնք իրենց այս գործողություններում էական աջակցություն են ստանում ՀՀ իշխանություններից: Ժամանակն է, որ հայաստանյան հասարակությունը ակտիվություն և նպատակամղվածություն դրսևորի Արցախում այնպիսի մեխանիզմների ստեղծման համար, որոնք թույլ կտան ՀՀ քաղաքացիների՝ Արցախ ուղարկվող հարկերը ծախսել հանուն զարգացման: Ժամանակն է, որ հայկական պետություններում առկա առողջ ուժերը միավորվեն`վերջ տալու հայությանը թուլացնող երևույթներին: Այլապես՝ մնալու ենք Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող «խորհրդակցություն-ներկայացումների» հույսին:

Մեկնաբանել