«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» մեկ տարեկան է

Ուղիղ մեկ տարի առաջ Նյու Յորքում ծնվեց «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» հակակորպորացիոն հասարակական շարժումը, որը հետագայում տարածվեց ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայի երկրներում։ Այսօր «օկուպանտները» պատրաստվում են նշել իրենց առաջին հոբելյանը՝ կազմակերպելով «արշավ» դեպի Նյու Յորքի ֆոնդային բորսա։

Շարժման ներկայացուցիչների խոսքով՝ ցուցարարները մտադիր են լինել քաղաքի ֆինանսական կենտրոնում տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին, շրջափակել բորսայի շենքը և խոչընդոտել աշխատանքի շտապող բրոքերների մուտքը շենք։ Բացի այդ՝ նրանք մտադիր են նստացույցեր կազմակերպել քաղաքի գործարար շրջանի երկայնքով։ Ակնկալվում է, որ շարժման մեկամյակին նվիրված երթեր ու ցույցեր տեղի կունենան աշխարհի մոտ 30 քաղաքներում։ Ցուցարարների գլխավոր կարգախոսը նախկինի պես «Մենք 99% ենք» է։ Այս կարգախոսն արտահայտում է ցուցարարների դժգոհությունն առ այն, որ ազգային հարստության մեծ մասը վերահսկում է ԱՄՆ-ի բնակչության միայն մեկ տոսկոսը։

Չնայած նրան, որ շարժման մեկ տարին պաշտոնապես լրանում է այսօր, մոտ 300 «օկուպանտ» «տոնախմբություն» է կազմակերպել դեռ շաբաթ՝ հավաքվելով Զուկոտի այգու մոտ՝ Ստորին Մանհեթենում՝ շարժման նախկին կենտրոնակայանի շրջանում։ Ոստիկանությունը հաղորդել է, որ հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 12 մարդ։

Ներկայում «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» կորցրել է իր ուժը և արդեն չի գրավում համաշխարհային հանրության ու մամուլի այդչափ ուշադրությունը։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի բոլոր խոշոր քաղաքներում ոստիկանությունը ցրեց «օկուպանտների» վրանային ճամբարները, նրանց համար զգալի բարդացավ շարժման համակարգումը․ շարժման մասնակիցների ակտիվությունը կտրուկ անկում ապրեց։

Լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ հայտնվում են հոդվածներ այն մասին, որ շարժումը «մահացել» է։ Իրենք՝ ցուցարարները, դա հերքում են՝ հայտարարելով, որ փոխել են մարտավարությունը․ նոր այգիներ ու հրապարակներ զբաղեցնելու փոխարեն իրենք զանգվածային ցույցեր են կազմակերպում ամբողջ աշխարհում՝ գործողությունները համակարգելով սոցիալական ցանցերի օգնությամբ։ Այսպես, մայիսի 1-ին ԱՄՆ-ի շատ քաղաքներում իրականացվել են բողոքի ցույցեր Աշխատավորների միջազգային օրվան նվիրված մայիսմեկյան համընդհանուր գործադուլի ժամանակ։ Մայիսի վերջին «օկուպանտները» հակառազմական ակտիվիստների հետ համատեղ զանգվածային ցույց են կազմակերպել Չիկագոյում, որտեղ տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, իսկ սեպտեմբերի սկզբին բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի ժամանակ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա)։

Փորձագետների կարծիքով՝ «Գրավի՛ր Ուոլ սթրիթի» հիմնական խնդիրն այն է, որ մինչ այժմ շարժումը չունի առաջնորդ, հստակ նպատակ և գործողությունների ծրագիր։ Բացի այդ՝ փաստացի դադարել է հանգանակությունների հոսքը շարժման գանձարան, և այն կորցրել է հասարակական լայն աջակցությունը։