JPMorgan-ը կասկածվում է փողերի լվացման մեջ

ԱՄՆ-ի կարգավորիչները ստուգումներ են իրականացնում JPMorgan Chase & Co բանկում: Չի բացառվում, որ ամերիկյան խոշորագույն բանկերից մեկում փողերի լվացման դեմ պայքարի համակարգն աշխատում է լրջագույն խախտումներով, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով շուկայական իր աղբյուրները:

Նշվում է, որ ստուգումները կվերաբերեն և´ փողերի լվացման դեմ պայքարի համակարգին, և´ JPMorgan-ի անձակազմին, որն էլ իրականում պետք է իրականացնի համապատասխան գործառույթները:    

Ներկայում գլխավոր հարցերից մեկը շարունակում է մնալ այն, թե արդյոք բանկի պաշտպանությունն ի զորու է հաղթահարել կասկածելի տրանզակցիաների մեծ հոսքը և հետևել դրանցից անլեգալներին: Երկրորդը` արդյոք խախտումների հայտնաբերման դեպքում JPMorgan-ը իշխանություններին հաղորդում է այդ մասին: Ֆինանսական ընկերությունները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել կարգավորիչներին փողերի լվացման յուրաքանչյուր փորձի մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գանձապետարանի դեպարտամենտը, որ հետևում է պատժամիջոցների ռեժիմի խախտումներին, անցած տարի JPMorgan-ին տուգանել էր $88,3 մլն-ով:

Չի բացառվում, որ առաջիկայում հետաքննություն սկսվի մեկ այլ խոշոր բանկի` Bank of America-ի դեմ, որը ևս կասկածվում է նմանատիպ խախտումների մեջ:

Հատկանշական է, որ ընթացիկ տարում ահաբեկիչների և Իրանի հետ կապ ունենալու մեղադրանքով տուգանվել էր բրիտանական Standard Chartered-ը: Վերջինս հարկադրված էր վճարել $340 մլն` դադարեցնելու համար Նյու Յորքում իր գործունեության ուսումնասիրությունը:

Բրիտանական մեկ այլ խոշոր բանկ` HSBC-ն, 2012թ. ևս հայտնվեց կարգավորիչների ուշադրության կենտրոնում և հարկադրված եղավ վճարել $700 մլն` հնարավոր վնասները փոխհատուցելու նպատակով: