The New York Times-ի անդրադարձն օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականին

40-րդ շախմատային օլիմպիադան 1 շաբաթ առաջ է ավարտվել, բայց համաշխարհային ԶԼՄ-ները չեն դադարում գրել Հայաստանի հավաքականի հաջողության մասին: Ստամբուլում կայացած Օլիմպիադայի չեմպիոններին այս անգամ անդրադարձել է The New York Times-ը.

«Արևելյան Եվրոպայի երկրները տասնամյակներ շարունակ գերիշխում են շախմատային առաջնություններում: Դրա պատճառներից մեկն այն է, որ այդ պետություններում շախմատը մասայական մարզաձև է և շարքային քաղաքացիներն էլ են շատ հետքրքրված շախմատով:

Այս ամենի վառ ապացույցը երևաց նախորդ երկուշաբթի օրը, երբ Հայաստանի հավաքականը Ստամբուլի Օլիմպիադայից ոսկե մեդալներով վերադարձավ հայրենիք։ Սա արդեն 3-րդ չեմպիոնությունն էր վերջին 4 Օլիմպիադաներում: Հավաքականի անդամներին դրոշներով ողջունեցին հարյուրավոր երկրպագուներ, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Այդուհետ մայրաքաղաք Երևանում թիմի պատվին շքերթ կազմակերպվեց: Անհնար է նման ընդունելություն պատկերացնել, եթե ԱՄՆ-ի շախմատի հավաքականն օլիմպիական չեմպիոն հռչակվի:

Թեև Հայաստանի բնակչությունն ընդամենը 3.3 մլն է, որպես շախմատային երկիր այն 6-րդն է աշխարհում (ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ուժեղագույն 10 շախմատիստների միջին վարկանիշով) և գերազանցում է ԱՄՆ-ին:

Մինչև վերջին տուրը հայերը հավասար միավորներ ունեին չինացիների և ռուսների հետ, բայց Չինաստանը պարտվեց վերջին տուրում, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը հավասար միավորներով ավարտեցին մրցաշարը, լրացուցիչ ցուցանիշների արդյունքում ոսկե մեդալները նվաճեցին հայերը:

Հայաստանի հավաքականի առաջատարն աշխարհի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն է, ով նաև անհատական ոսկե մեդալ նվաճեց (առաջին խաղատախտակի չեմպիոն): Նրա լավագույն պարտիաներից մեկը Հոլանդիայի հավաքականի առաջատար Անիշ Գիրիի նկատմամբ տարած հաղթանակն էր»,- գրում է հեղինակավոր պարբերականը և վերլուծում վերոնշյալ պարտիան:

Մարզական գործընկեր` SportArmenia.com