Էրիկ Քլեփթոնը վաճառում է Ռիխտերի կտավները

Հանրահայտ ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը աճուրդի է դրել ժամանակակից ամենաթանկ նկարիչներից մեկի՝ Գերհարդ Ռիխտերի կտավը: «Աբստրակտ գեղանկարչություն» աշխատանքը (1994թ.) կվաճառվի հոկտեմբերի 12-ին Լոնդոնում: Ակնկալվում է, որ նկարը կվաճառվի $14-18 մլն-ով՝ դառնալով Sotheby’s-ի՝ այդ երեկոյի թոփ-լոտերից մեկը:

Քլեփթոնը $3,4 մլն արժողությամբ այս կտավը ձեռք էր բերել 2001-ին՝ գնելով ևս երկու նկար նույն՝ «Աբստրակտ գեղանկարչություն» սերիայից, որի մեջ մտնում է չորս կտավ: Չորրորդը գնել են «Թեյթ» լոնդոնյան պատկերասրահն ու Շոտլանդիայի Ազգային թանգարանները:

Cream խմբի նախկին կիթառահար Էրիկ Քլեփթոնը 2011-ին Bonhams աճուրդի տան հետ վաճառել էր շուրջ 70 կիթառ՝ $2,15 մլն արժողությամբ, և ամբողջ հասույթը տրամադրել Անտիգուայի՝ թմրամոլների ու հարբեցողների վերականգնողական կենտրոնին, որի համահիմնադիրներից է ինքը: Թե ո՞ւր են այս անգամ ուղղվելու Ռիխտերի նկարի վաճառքից ստացված միջոցները՝ չի հաղորդվում:

Մեկնաբանել