Let’s do it! Armenia էկոշարժումը պարզաբանում է պահանջում «Էլնոր»-ից

Սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի մասին ահազանգում է շարժումը` պահանջելով հանրության և պետական մարմինների համապատասխան արձագանքը:

Շարժման տարածած մամլո հաղորդագրությունում մասնավորապես ասված է. ««Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը միանալով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում իրականացրեցին մաքրման աշխատանքներ:

Երբ մասնակիցներն արդեն ավարտել էին մաքրման աշխատանքներն ու վերադառնում էին, հնավայրին է մոտենում մի մեքենա և մաքրած տարածք է նետում պարկերով գործարանային աղբը: Երիտասարդների կոչերին՝ չաղտոտելու մեր պատմամշակութային վայրը, աղտոտողներ չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված պաստառներից կարելի էր գուշակել, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը:

Այսպիսով «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ քայլեր ձեռնարկել այս միջադեպի մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև կանխել Երևանի տարածքում գտնվող այս բացառիկ պատմամշակութային վայրը աղբավայրի վերածելու գործընթացը:

Դիմում ենք նաև «Էլնոր» ընկերությանը՝ այս միջադեպի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տալու պահանջով»: