Ծիրանափողին նվիրված միջոցառումներ` Դուդուկի համահայկական փառատոնում

Սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացավ Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Մինչ այժմ երբեք չի կազմակեպվել նման մաշտաբային միջոցառում՝ նվիրված հայկական ամենասիրելի և յուրահատուկ գործիքին` ծիրանափողին: Սեպտեմբերի 14-18-ն անցկացվող փառատոնն առաջին անգամ համախմբել է Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հայ դուդուկահարներին, որոնք Երևանում և մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով:

Բացման համերգի ընթացքում ցուցադրվել է աշխարհռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի` փառատոնը ողջունող ուրախության և շնորհավորանքի խոսքի տեսագրությունը: «Աշխարհում շատ են տաղանդավոր  հայ դուդուկահարները, որոնց համախմբումը կարևոր նշանակություն ունի հայկական մշակույթի տարածման համար», – ասել է Ջիվան Գասպարյանը: Երեկոի ընթացքում ցուցադրվել է նաև վավերագրական ֆիլմ հայկական ծիրանափողի մասին, հնչել են դուդուկահարների կատարումները:  

Սեպտեմբերի 16-ին դուդուկը հնչել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ելույթ են ունեցել նաև գյումրեցի երիտասարդ դուդուկահարները:

Փառատոնի հերթական՝ «Ծիրանենի» խորագրով համերգը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ ժ.19:00-ին, Պարոնյանի անվան թատրոնում: Դուդուկի համահայկական փառատոնի ավարտը կնշանավորվի սեպտեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգով:  Հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր: