Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի Սալման Ռուշդիի նոր գիրքը

Սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի սկանդալային «Սատանայական բանաստեղծությունների» հեղինակ, հնդիկ Սալման Ռուշդիի նոր գիրքը:

Ըստ Times of India պարբերականի՝ նոր գրքում Ռուշդին պատմում է վտարանդու իր կյանքի մասին: Ինքնակենսագրականը ոմն «պարոն Անտոնի» անունից է գրված: Երկար տարիներ Ռուշդին հենց այս անվան տակ էր թաքնվում: Նոր գրքի անվանումը` «Ջոզեֆ Անտոն. հուշեր», հղում է անում հեղինակի սիրելի գրողներին` Ջոզեֆ Կանրադին և Անտոն Չեխովին:

Սալման Ռուշդին ծնվել է Բոմբեում, կրթություն ստացել Քեմբրիջի համալսարանում, արժանացել է ասպետի կոչման: 1981-ին նա հռչակվել է «Կեսգիշերի զավակները» գրքի համար «Բուկեր» մրցանակ ստանալուց հետո: Ավելի ուշ գիրքը ստացել է «Բուկերի Բուկեր» մրցանակը` իբրև վերջին 25 տարվա լավագույն ստեղծագործություն:

1988-ին լույս տեսած «Սատանայական բանաստեղծությունները» վեպը ծայրահեղ բացասական է ընդունվել մուսուլմանական աշխարհում, համարվել հակաիսլամական: Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Հոմեյնին հրապարակավ անիծել է Ռուշդիին և մահվան դատապարտել: Երկար տարիներ Սալմոն Ռուշդին ստիպված էր թաքնվել, նրա գիրքը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում: Նրա դեմ ցույցերում ավելի քան հարյուր մարդ է զոհվել: 1989-ին գրողը պաշտոնապես ներողություն է խնդրել, բայց միևնույն է՝ Իրանի հոգևորականները գլխագին են նշանակել նրա համար: Սկզբում այդ գինը 2,8 մլն դոլար էր, այժմ Իրանում նրա սպանության կամ ձերբակալման համար 3,3 մլն են խոստանում:

Գլխագինը բարձրացել է Մուհամադ մարգարեի մասին ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» սիրողական ֆիլմի հանդեպ աճող վրդովմունքի հետևանքով: Արդեն մի քանի օր արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցեր են ընթանում:

1989-ից ի վեր Սալման Ռուշդիի գրքերը մեծ հաջողություն են ունենում: BBC-ն պատրաստվում է թողարկել նրան նվիրված կենսագրական ֆիլմ, որը կկոչվի «Պատկերացրու»:

Մեկնաբանել