Բակո Սահակյանն ընդունել է հանրահայտ տիեզերագնացների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնացներ Չարլզ Դյուկին (ԱՄՆ) և դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա), հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: 

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել անվանի գիտնականներին և տիեզերագնացներին Արցախ ժամանելու և նման կարևոր միջոցառմանը մասնակցելու համար, որը մեծապես կնպաստի երկրում գիտության զարգացմանը:

Հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել աշխարհահռչակ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը հենց Արցախում կազմակերպելու կապակցությամբ:

Քննարկվել են նաև ճշգրիտ գիտությունների և Արցախում տարբեր միջազգային գիտական միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ գիտության և կրթության նախարարի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: