Եգիպտացիները իսլամը վիրավորելու համաշխարհային արգելք են պահանջում

Ալ Ազհար մզկիթի գերագույն իմամ, Եգիպտոսի մուսուլմանների ղեկավար, շեյխ Ահմադ ատ Տայիբը ՄԱԿ-ին կոչ է արել իսլամը վիրավորելու համաշխարհային արգելք սահմանել։ Համապատասխան նամակը կրոնական գործիչն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, հաղորդում է եգիպտական MENA գործակալությունը։

Իր դիմումում Ահմադ ատ Տայիբը մատնանշում է, որ անհրաժեշտ է ընդունել միջազգային բանաձև, որը կարգելի ցանկացած հարձակում մուսուլմանների համար սուրբ համարվող խորհրդանիշների վրա։ Այս հարցը հատկապես ակտուալ է ագրեսիայի վերջին պոռթկումների լույսի ներքո, հավելել է նա։ Խոսքը հարձակումների մասին է ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք այլ երկրների դեսպանատների վրա Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Եմենում, Թուրքիայում, Հնդկաստանում, որոնց պատճառն ԱՄՆ-ում նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է։

Իմամի կարծիքով՝ իսլամական սրբությունների, ինչպես նաև այլ կրոնների խորհրդանիշների նկատմամբ իրականացվող աստվածանարգ գործողությունները պետք է դիտարկվեն՝ որպես քրեորեն պատժելի արարք։ Եգիպտացի մուսուլմանների ղեկավարը հիշեցրել է, որ ցանկացած սպառնալիքից ու ագրեսիաներից աշխարհի պաշտպանության խնդիրը ՄԱԿ-ի իրավասությունների մեջ է մտնում։

Իմամը նաև իր համաքաղաքացիներին կոչ է արել զսպվածություն դրսևորել և չտրվել սադրանքներին, իսկ կառավարությանը՝ ուժեղացնել դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունը Կահիրեում և այլ քաղաքներում։ Հիշեցնենք, որ սեպտտեմբերի 11-ից մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա է իրականացնում Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։

Բացի Եգիպտոսից՝ սեպտեմբերի 11-ից բողոքի ցույցեր են տեղի ունեցել Լիբիայում, Թունիսում, Սուդանում, Եմենում, Բանգլադեշում և այլն։ «Ալ Կաիդան» Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակումն անվանել է վրեժ՝ իր առաջնորդներից մեկի ոչնչացման համար։ Դրա հետ մեկտեղ՝ իսլամիստները զերծ են մնացել կատարվածի պատասխանատվությունը ստանձնելուց։ Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը լիբանանցիներին կոչ է արել զանգվածային ակցիաների մեկ շաբաթ իրականացնել։

Մուսուլմանների վրդովմունքն առաջացրած Ֆիլմում Մուհամադ մարգարեն ներկայացված է վանող տեսքով։ Ֆիլմի հեղինակը, որին հետախուզում է ԱՄՆ-ի ոստիկանությունը, մարգարեին ներկայացրել է՝ որպես անառակ և չափազանց դաժան մարդ։

Սակայն եթե մուսուլմանական աշխարհում ֆիլմն առաջացրել է վրդովմունք, ապա եվրոպական որոշ երկրներում այն համարել են արվեստի գործ։ Գերմանական «Հանուն Գերմանիայի» արմատական կուսակցությունը, որն ունի ընդամենը 250 անդամ, արդեն հայտարարել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն իր կայքում ցուցադրելու մասին, սակայն ոչ քաղաքական նկատառումներով, այլ բացառապես «գեղեցիկի զգացումով»։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս Պետեր Ֆրիդրիխը բացասական է գնահատել ակտիվիստների առաջարկը՝ նշելով, որ նրանց մտադրությունը սադրանք է, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Մինչդեռ արմատական իսլամիստները գնում են կոնֆլիկտի սրման։ Այսօր հայտնի է դարձել, որ իրանական «Հունիսի 15-ի հիմնադրամ» կազմակերպությունը բարձրացրել է գրող Սալման Ռուշդիի գլխագինը մինչև $3,3 մլն․ նախկինում այդ գինը $2,8 մլն էր, հաղորդում է «Ալ Արաբիան»։

Գրողի սպանությունը կարող էր կանխել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծումը, հայտարարել են կազմակերպությունում։ «Հունիսի 15-ի հիմնադրամը» կարծում է, որ «ներկայում պայմաններն առավել բարենպաստ են Սալման Ռուշդիին սպանելու համար»։

Հիշեցնենք, որ 1989թ․ Իրանի հոգևորականությունը Ռուշդիի սպանության կոչ արեց աստվածանարգության և Մուհամադ մարգարեին զրպարտելու համար «Սատանայական բանաստեղծություններ» վեպում։

Այսպիսի կոչից հետո գրողը ստիպված էր թաքնվել ավելի քան տասը տարի։ 1998թ․ Իրանի կառավարությունը վստահեցրեց Մեծ Բրիտանիային, որ չի աջակցելու հոգևորականների նախաձեռնության իրականացմանը, սակայն 2005թ․ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, որ Սալման Ռուշդիի սպանությունը «աստվածահաճո գործողություն» կլիներ։