Ալիևին Ֆրանսիայում կդիմավորեն բողոքի ակցիաներով

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ֆրանսիա այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ կկազմակերպի, հաղորդում է CCAF-ի պաշտոնական կայքը:

Իլհամ Ալիևը Փարիզում կլինի սեպտեմբերի 18-ին` Լուվրում իսլամական արվեստին նվիրված ցուցադրության բացման արարողությանը մասնակցելու համար: Նրան կընդունի նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

CCAF-ը հայտարարում է, որ այդ այցն անընդունելի է այդ պետության ղեկավարի շուրջ միջազգային սկանդալի համատեքստում. Ալիևի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և հերոսացնելը բարբարոսության և հայատյացության ակնհայտ խրախուսում է: «Դա բխում է ադրբեջանական ռեժիմի ցեղասպան տրամաբանությունից, որը զինվում է` Լեռնային Ղարաբաղի հայությանը ոչնչացնելու ծրագիրը կյանքի կոչելու համար: Այդ պայմաններում Իլհամ Ալիևին ընդունելը նույնն է, թե աջակցել վայրենությանը, ամրապնդել հայատյացությունը և անպատվություն ավելացնել անպատվությանը: Իլհամ Ալիևը, որն ատելության սարսափելի ուղերձ հղեց աշխարհին և մարտահրավեր նետեց միջազգային իրավունքին, չպետք է ընդունելության արժանանա Ելիսեյան պալատում: Իլհամ Ալիևը, որի վարչակազմը  իրեն հասանելի սահմաններում ոչնչացրեց հայ մշակության ողջ ժառանգությունը, անելիք չունի Լուվրում»,- ասված է CCAF-ի հայտարարության մեջ:

CCAF-ն բոլոր դեմոկրատներին  և մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 18-ին` ժամը 18:00-ին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ կազմակերպվող ցույցին: