Նախարարը չի սահմանել դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ. պարզաբանում

Էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ, ասված է առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ` հիմնված տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:

Միաժամանակ` բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:

Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։