China Construction Bank մտադիր է $15 մլրդ-ով եվրոպական բանկ գնել

Չինաստանում ակտիվների ծավալով երկրորդ բանկը` China Construction Bank-ը (CCB), մտադիր է $15 մլրդ-ով գնել եվրոպական բանկերից մեկը, գրում է բրիտանական Financial Times-ը:

CCB-ի տնօրենների խորհրդի նախագահ Վան Խունչժանի խոսքով` ներկայում բանկը փորձում է ճիշտ ընտրություն կատարել: Գնման համար առավել գրավիչ են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի բանկերը: Միաժամանակ` բանկը պետք է չափավոր ներկայացված լինի օտարերկրյա շուկաներում և կենտրոնացած չլինի միայն մեկ երկրի շուկայի ուղղությամբ, նշել է Խունչժանը:

Փորձագետների կանխատեսմամբ` չինական բանկի համար որպես գնման օբյեկտ հետաքրքրական կարող են լինել ֆինանսական ճգնաժամի ընթացքում մասամբ ազգայանացված բանկերը: Օրինակ` Royal Bank of Scotland Plc-ը, որի 82%-ը պատկանում է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ունի 17 մլրդ ֆունտ ստեռինգ ($27 մլրդ)  կապիտալիզացիա, կամ գերմանական Commerzbank-ը (բաժնետոմսերի 25%-ը պատկանում է Գերմանիայի կառավարությանը), որն ունի մոտ €9 մլրդ կապիտալիզացիա:     

Միաժամանակ` Խունչժանը հայտարարել է, որ թեև գնահատում է Bank of America-ի հետ համագործակցությունը, այդուհանդերձ մտադիր չէ գնել ամերիկյան այս բանկի բաժնետոմսերը: Նշենք, որ Bank of America-ն տնօրինում է CCB-ի բաժնետոմսերի 1%-ը:

Փորձագետները դեռ վաղուց են կանխատեսում, որ կապիտալիզացիայի բարձր մակարդակ ունեցող չինական բանկերը հետաքրքրություն պետք է ցուցաբերեն արևմտյան համեմատաբար էժան մրցակիցների նկատմամբ: Սակայն ներկայում այս ոլորտի ակտիվությունը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա:

Հիշեցնենք, որ 2007թ. Industrial and Commercial Bank of China-ն $5,5 մլրդ-ով գնել էր հարավաֆրիկյան Standard Bank-ի բաժնետոմսերի 20%-ը: Այս գործարքը համարվում է չինական բանկի կողմից օտարերկրյա ֆինանսական կազմակերպության գնման խոշորագույն փորձը: