Վրաստանը ընտրությունների շեմին. զուգահեռներ Հայաստանի հետ

Վրաստանը նախապատրաստվում է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ինչը շատ է հիշեցնում մայիսին Հայաստանում տեղի ունեցած նախընտրական մրցավազքը: Երկու դեպքում էլ բարեգործական գործունեությամբ հայտնի գործարարը պայքարում է իշխող կուսակցության դեմ, որը ժողովրդի մեծ մասի կողմից ընկալվում է որպես կոռումպացված: Չնայած նախագահի հավաստիացումներին, որ ընտրություններն ամենաարդարն են լինելու, ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները կեղծվելու են հօգուտ իշխող կուսակցության, ինչն էլ, անշուշտ, թունավորում է նախընտրական մթնոլորտը:

Այդուհանդերձ՝ Վրաստանի և Հայաստանի միջև կան էական տարբերություններ: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դիտվում էին որպես 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլ, որի ընթացքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը փորձելու է վերընտրվել: Ի տարբերություն Սարգսյանի՝ Վրաստանի գործող սահմանադրությունը թույլ չի տալիս Միխեիլ Սաակաշվիլիին որպես նախագահ առաջադրվել երրորդ անգամ: Հետևաբար, նրա քաղաքական ապագան մեծապես կախված է «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունից, որը ձայների մեծամասնությունը հավաքելու դեպքում Սաակաշվիլիի համար կապահովի վարչապետի պաշտոնը. երկու տարի առաջ ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ բազմաթիվ լիազորություններ նախագահից փոխանցվում են վարչապետին:

Հայաստանում մայիսյան ընտրություններում ըստ էության պակասում էր գաղափարական պայքարը: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը կենտրոնացել էին ազատ, արդար և ընտրողների նախապատվությունները ճշգրիտ արտացոլող ընտրություններ անցկացնելու և դրանք այդպիսին ճանաչվելու վրա, ինչը հետին պլան մղեց կուսակցական ծրագրերն ու գաղափարները: Մինչդեռ Վրաստանում Սաակաշվիլին առաջիկա ընտրությունները ներկայացնում է որպես երկրի ապագայի վերաբերյալ վճռորոշ հանրաքվե. անհրաժեշտ է ընտրել՝ կողմնորոշվել դեպի արևմուտք և բռնել ժողովրդավարացման իր առաջարկած ուղի՞ն, թե՞ կրկին վերածվել Ռուսաստանի գերիշխանության տակ գտնվող՝ հանցավորություն, կաշառակերություն և լճացում մարմնավորող պետության:

Նման պարզունակ ընկալման հիմքում ընկած է այն փաստը, որ Իվանիշվիլիին չի հաջողվել հստակ կերպով հիմնավորել իր քարոզած պրագմատիկ քաղաքականությունը, որ Վրաստանը պետք է ավելի ճկուն և մեղմ քաղաքականություն վարի Ռուսաստանի հանդեպ, սակայն ոչ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման հաշվին:

Մինչ արևմտյան Վրաստանի Քորվիլա գյուղում մեկուսի կյանքով ապրելը, 56-ամյա Իվանիշվիլին միլիարդավոր դոլարների կապիտալ է կուտակել Ռուսաստանում: Մեկ տարի առաջ անսպասելիորեն ի հայտ գալով քաղաքական ասպարեզում՝ նա հայտարարեց, որ մտադիր է քաղաքական կուսակցություն հիմնել, մասնակցել խորհրդարանական ընտրություններին և հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, ինչը նրան թույլ կտա վերացնել Վրաստանի ներկա իշխանության շարքերում արմատացած կաշառակերությունը:

Մի շարք այլ ծանրակշիռ ընդդիմադիրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան, միացել են Իվանիշվիլիի՝ վեց կուսակցությունից բաղկացած կոալիցիային: Վրաստանի իշխանությունն այս ամենին արձագանքեց Իվանիշվիլիի բիզնեսի դեմ ուղղված գործողություններով. Ընդդիմադիր գործչի հանդեպ կիրառվեցին բազմամիլիոնանոց տուգանքներ՝ կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ նոր օրենսդրությունը խախտելու մեղադրանքով:

Արդյունքում՝ առաջիկա ընտրություններն ըստ էության վերածվել են Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժման» և Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» միջև պատերազմի, որում յուրաքանչյուր կողմ ձգտում է մյուսին ներկայացնել որպես երկրի՝ իբրև ինքնիշխան ժողովրդավար պետության գոյատևմանը սպառնացող գլխավոր վտանգ: Այս գործընթացից գործնականում դուրս են մնում մնացած 16 կուսակցություններն ու մեկ դաշինքը՝ նույնիսկ նրանք, որոնք խորհրդարանում տեղեր շահելու լավ հնարավորություն ունեն:

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (ԱԺԻ), Եվրոպական Միությունն ու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը քննադատության են ենթարկել Վրաստանում խորացող քաղաքական բևեռացումը. ԵՄ-ն սեպտեմբերի 3-ի իր հայտարարության մեջ շեշտել է, որ «ընտրություններն առաջին հերթին պետք է վերաբերեն քաղաքական ծրագրերին ու գաղափարներին»:  

Ե՛վ Սաակաշվիլին, և՛ Իվանիշվիլին վստահեցնում են, որ ձայների մեծ տարբերությամբ հաղթանակ են տանելու: Ճիշտ է, Իվանիշվիլիի նախընտրական հանրահավաքներին շարունակում են տասնյակ հազարավոր վրացիներ մասնակցել, սակայն հայտնի չէ՝ նրանցից քանիսն է պատրաստ քվեարկել Իվանիշվիլիի օգտին և քանիսն է հավաքներին մասնակցում հետաքրքրությունից դրդված, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում Գագիկ Ծառուկյանի դեպքում: Օգոստոսին ԱԺԻ-ի կողմից անցկացված հարցման արդյունքները հետևյալն են. «Ազգային միացյալ շարժման» վարկանիշն աճել է 1%-ով՝ հունիսին գրանցված 36%-ի համեմատ, մինչդեռ «Վրացական երազանքի» վարկանիշը նվազել է՝  18%-ից հասնելով 12%-ի:

Պարզ չէ՝ որքանով է ցուցանիշների փոփոխության վրա ազդել Իվանիշվիլիի այն հայտարարությունը (որին դեմ է քվեարկել ԱԺԻ-ի կողմից հարցվածների 62%-ը), որ ընտրությունների արդյունքների կեղծման դեպքում նա բողոքի ցույցեր կկազմակերպի: Իվանիշվիլին հրաժարվել է ստորագրել արդար ընտրությունների անցկացումն ապահովող վարքագծի կանոնները, քանի դեռ չեն վերացվել իր հանդեպ կիրառված տուգանքները, և իշխանությունները նրա այս քայլն ընկալում են որպես նման ելույթներ անցկացնելու մտադրություն ունենալու ապացույց:

Ինչպես նշել է Իրակլի Մենաղարիշվիլին, որը Էդուարդ Շեվարդնաձեի օրոք զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, անկախության երկու տասնամյակների ընթացքում Վրաստանում իշխանությունը երբևէ խաղաղ ճանապարհով չի փոխանցվել:

Լիզ Ֆուլեր