Բելառուսի ընդդիմությունը հայտարարել է սեպտեմբերի 23-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին։ Իշխանության ընդդիմախոսներն իրենց որոշումը բացատրում են քաղաքացիների կամքի արդար ու ազատ արտահայտման հնարավորության նկատմամբ անհավատությամբ։ Ինչևէ, միասնական կարծիք այն մասին՝ հարկավոր է արդյոք հրաժարվել ընտրություններից, թե ոչ, Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների ճամբարում այդպես էլ չի ձևավորվել, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։
Վերջնական որոշումն առ այն, որ Բելառուսի ընդդիմադիր երկու կառույցներ՝ Միավորված քաղաքացիական կուսակցությունը և «Բելառուսի ժողովրդական ճակատ» կուսակցությունը, հանում են իրենց ներկայացուցիչներին նախընտրական արշավից, ընդունվել է ընդդիմադիրների կուսակցական համագումարներում։ Ընտրություններում մասնակցությունից վերջին պահին հրաժարված Միավորված քաղաքացիական կուսակցության դրդապատճառները մանրամասն ներկայացրել է կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդենկոն։
Միավորված քաղաքացիական կուսակցության բոլոր 37 թեկնածուների մասնակցությամբ մամլո ասուլիսին Լեբեդենկոն հիշեցրել է․ դեռ մարտին կուսակցությունը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել նախընտրական արշավին՝ օգտագործելով նրա հնարավորությունները ընտրողների հետ շփվելու համար։ Սակայն մասնակցությունը հենց ընտրություններին արդյունքում դարձավ անհնար՝ պայմանավորված նրանով, որ անցած ամիսներին այդպես էլ չլուծվեց քաղբանտարկյալների խնդիրը, ինչպես նաև չհաջողվեց «ընդդիմության ու հասարակության ներկայացուցիչներին» ընդգրկել ընտրական հանձնաժողովների կազմում։ Անատոլի Լեբեդենկոյի կարծիքով՝ ընտրությունները չեն կարող լինել ազնիվ ու արդար, երբ ընտրական հանձնաժողովներում տեղերի 98%-ը պաշտոնական կառույցների կողմից առաջադրվածներին է պատկանում։
Ամփոփելով նախընտրական արշավի արդյունքները՝ Միավորված քաղաքացիական կուսակցության առաջնորդը դժգոհել է, որ իշխանությունների հակառակորդների շփումն ընտրողների հետ չափազանց բարդացվել է, ընդդիմադիրները պետական լրատվամիջոցների մատչում չեն ունեցել, ինչպես նաև բախվել են բազմաթիվ խոչընդոտների նախընտրական միջոցառումներ անցկացնելիս։
Այսպես, քաղաքական գործչի խոսքով՝ նախընտրական արշավն ընդդիմադիրներին տհաճ անակնկալ է մատուցել՝ պետական հեռուստատեսությամբ ուղերձով հանդես գալու հնարավորության բացակայություն՝ չնայած նրան, որ այդ իրավունքը վերապահված է Բելառուսի ընտրական օրենսդրությամբ։ Լեբեդենկոն հիշեցրել է, որ ընդդիմադիրների ելույթների համար նախատեսված ժամերին դրա փոխարեն եթերում երաժշտություն է հնչել։
Այդուհանդերձ, գալիք ընտրությունները բոյկոտելու հարցում լիակատար միաձայնություն ընդդիմադիրների ճամբարում չկա։ Ինչպես «Կոմերսանտին» տեղեկացրել է «Ճի՛շտն ասա» քաղաքացիական արշավի առաջնորդ Վլադիմիր Նեկլյաևը, ինքն անձամբ հակված է բոյկոտի։ Սակայն դրա հետ մեկտեղ Նիկլյաևը խոստովանել է․ ընդդիմության ակտիվիստներից ինչ-որ մեկը կարող է և չկիսել այդ դիրքորոշումը։
Անկախ փորձագետներն իրենց հերթին կասկածում են ընդդիմության՝ իրենց թեկնածուներին ընտրություններից հանելու որոշման արդյունավետության մեջ։ Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Դենիս Մելյանցովի կարծիքով՝ «ընտրություններին ընդդիմադիր թեկնածուների մասնակցության բացակայությունը կարող է ընտրողներին ստիպել հավատալ, որ նրանք ընդհանրապես բացակայում են Բելառուսի քաղաքական դաշտում»։