Վարդան Այվազյանն առաջարկում է հետաքննություն անցկացնել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի մոտ «Հետք» էլեկտրոնային պարբերականում տպագրված հոդվածը մի շարք հարցեր է առաջացրել. «Այդ ինչպե՞ս է, որ 2008թ. վճիռ են կայացրել, 2012թ. են խոսում այդ մասին: Եկեք, գործը վերցրեք, հետաքննություն անցկացրեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն առաջարկեց Վարդան Այվազյանը:

«Հետք»-ը սեպտեմբերի 14-ի իր հոդվածում գրել էր. «Սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հոգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի («ԳԳՄ»)։ Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման վրա եւ այդ որոշումը (թիվ. 12,1260) առանց բողոքարկման, վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02)»:

Վարդան Այվազյանը նշեց, որ գլխի է ընկնում, թե ինչպես է «Հետք»-ին հաջողվել դատարանի վճիռը հրապարակել: «Էդիկ Բաղդասարյանի որդին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ում է աշխատում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` ինքը որպես բնապահպանության նախարար, օրենքի սահմաններում է ՍՊԸ-ին զրկել լիցենզիայից, քանի որ պարտականությունները չի իրականացվել: Նա կասկածում է, որ այս պատմությունն ի հայտ եկավ իր ԱԺ հայտարարությունից հետո, երբ ինքն առաջարկում էր այն գունավոր մետաղ արտադրողներին, որոնք օգտագործում են ոսկի, ցիաններ, վտանգավոր նյութեր, պոչամբարի վտանգավոր թափոնների համար վճարեն, ինչը կազմում է 40 մլրդ դրամ:

Միաժամանակ`Վարդան Այվազյանը նշեց, որ ինքը պատասխանատու է միայն իր ժողովրդի ու իր ընտրողների առջև և պատրաստակամություն հայտնեց իր մեղավորության ճանաչման դեպքում վճարել գումարը:

Մեկնաբանել