Միլիոնատերերն աղքատանում են, միլիարդատերերը՝ հարստանում․ զեկույց

2011թ․ ընթացքում շատ միլիոնատերեր տնտեսական ցնցումների հետևանքով կորցրել են իրենց կարողության մի մասը այն դեպքում, երբ միլիարդատերերը, չնայած ճգնաժամին, ավելի են հարստացել, վկայում է Wealth-X խորհրդատվական ընկերության՝ այսօր հրապարակած հետազոտությունը։

Նվազագույնը $30 մլն կարողություն ունեցող մարդկանց թիվը մեկ տարում ավելացել է մինչև մոտ 187,4 հազ․ մարդ։ Սակայն նրանց ընդհանուր հարստությունը նվազել է 1,8%-ով՝ մինչև $25,8 տրլն, ինչը, այդուհանդերձ, գերազանցում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների (ամերիկյան և չինական) ընդհանուր ծավալը, հաշվել է Wealth-X-ը։

Ամենից շատը տուժել են $200 մլն-ից մինչև $499 մլն-ի սահմաններում կարողություն ունեցողները։ Այսպիսի միլիոնատերերի թիվը, համաձայն հետազոտության, նվազել է 9,9%-ով, իսկ նրանց կարողությունը նվազել է 11,4%-ով։ Wealth-X-ը հիմնվել է 2011թ․ հուլիսի 31-ից 2012թ․ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի տվյալների վրա։

Մինչդեռ շատ հարուստներն էլ ավելի ունևոր են դարձել․ միլիարդատերերի թիվն աճել է 9,4%-ով` մինչև 2,16 հազ․ մարդ, իսկ նրանց կարողությունն ավելացել է 14%-ով` մինչև $6,2 տրլն։

Հարստության ամենամեծ անկումը նկատվել է Ասիայում, որտեղ նվազումը կազմել է 6,8%` մինչև $6,2 տրլն ֆոնդային շուկաների թուլության և Արևմուտքի կողմից արտահանման պահանջարկի նվազեցման պատճառով, ասված է զեկույցում։

Կարողությունները նվազել են նաև Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքի երկրներում։ Հարուստների համար ամենահաջող շրջաններ են դարձել Հյուսիսային Ամերիկան և Օկեանիան, որտեղ հարստության աճը կազմել է 2,8% մինչև $8,8 տրլն և 4,4% մինչև $475 մլրդ համապատասխանաբար։

Սակայն համաձայն Wealth-X-ի կանխատեսման՝ մինչև 2020թ․ Ասիայի ընդհանուր հարստությունը կգերազանցի ԱՄՆ-ի ընդհանուր հարստությունը։