Վրաստանը ոչ միայն` վրացիների, այլև հայերի երկիրն է. Բ.Իվանիշվիլի

Վրաստանը պատրաստվում է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և վրացի փորձագետների կարծիքով` «Վարդերի հեղափոխություն»-ից հետո այս ընտրություններն առաջինն են լինելու, որ իրական այլընտրանքային են, քանի որ ընդդիմադիրները այս անգամ միավորված են և ունեն հզոր նյութական կարողություններ: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնել 28 կուսակցություն և դաշինք, սակայն, մեկնաբանների դիտարկմամբ, հինգտոկոսանոց արգելքը կհաղթահարի դրանցից միայն երկուսը կամ երեքը:

«Իշխանության պատվիրած հարցումների համաձայն` կառավարող «Ազգային շարժում»-ը ստանում է ձայների 60%-ը, ընդդիմադիրները` 40%-ը, իսկ ընդդիմադիրների տվյալներով` իրենք են ստանալու 60%-ը. ամեն դեպքում` իշխանությունը խոստովանում է, որ ընդդիմությունը բավական հզոր է»,- «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի հետ զրույցում նշել է «Բազմազգ Վրաստան» ՀԿ նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

«Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բիձինիա Իվանիշվիլին խոստովանել է, որ Ջավախքն այն միակ տարածաշրջանն է, ուր ինքը զանգվածային աջակցություն չի նկատում: «Ես շատ եմ հարգում հայերին, երբ Ջավախքում էի ապրում, իմ բոլոր ընկերները հայեր էին, երբ Մոսկվայում էի ապրում, իմ բոլոր ընկերները հայեր էին: Ես ամոթ եմ զգում, որ իմ երկրի կառավարությունը հայերին այնքան է ճնշել, որ նրանք վախենում են իրենց կամքն արտահայտեն: Մեր հայ եղբայրները պիտի գիտակցեն, որ Վրաստանը ոչ միայն վրացիների, այլև` հայերի երկիրն է»,- ասել է Իվանիշվիլին:

Ջավախքը միշտ ձայն է տվել գործող իշխանություններին` թե Շևարդնաձեի օրոք, թե հիմա: Վստահեցնում են, որ դա ոչ թե ճնշումներով է պայմանավորված, այլ Ջավախքում կատարված դրական փոփոխություններով: «Վրաստանում հայաբնակ շրջաններում արվել է այնքան բան, ինչքան, կծիծաղեն հիմա շատերը, բայց սովետական իշխանությունների ժամանակ չէր արվել,- ասել է Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը,- օրինակ` գազը մինչև հիմա չկար, երկու տարի առաջ եկավ»:

Ընդդիմությունը Ջավախքում հայերի հետ հանդիպմանը փորձում է հենվել ազգայնականների վրա` խոսելով լեզվի խնդիրների և իշխանությունը ապակենտրոնացնելու մասին:

Ընտրությունների ցանկացած ելքի դեպքում չտուժելու համար հայ համայնքից թեկնածուներ կան թե իշխող կուսակցության, թե ընդդիմության ցուցակների անցողիկ տեղերում: