Ռուսաստանն իր վառոդը պիտի չոր պահի. Վ.Պուտին

Միջազգային հարաբերությունների` առավել հաճախակիացող ուժի կիրառման ֆոնին Ռուսաստանն իր վառոդը պիտի չոր պահի. Կրասնոդարի երկրամասում` «Կովկաս – 2012» զորավարժություններին մասնակցող զինվորականների առաջ ելույթի իր խոսքում այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այս մասին հաղորդում է BBC-ն:

«Դուք լավ պատրաստված, կրթված մարդիկ եք, տեսնում եք, թե ինչ է կատարվում ողջ աշխարհում, տեսնում եք, թե միջազգային հարաբերություններում ինչպես է, ցավոք սրտի, աճում ուժի կիրառման պրակտիկան: Այդ ամենը խոսում է նրա մասին, որ մենք պետք է մեր վառոդը չոր պահենք, պետք է բարձրացնենք Ռուսաստանի պաշտպանունակությունը», – հայտարարել է Պուտինը:

Նա նաև խոստացել է, որ Ռուսաստանի իշխանությունն ամեն բան անելու է պաշտպանունակությունն ամրապնդելու, ժամանակակից տեխնիկայով վերազինվելու, ինչպես նաև զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելու համար:

«Կովկաս – 2012» զորավարժություններին մասնակցում է շուրջ 8 հազ. մարդ, ավելի քան 200 մարտական մեքենա, մոտ 100 հրետանային կայան, ինչպես նաև 10 ռազմանավ:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանում անցկացվող զորավարժությունների մասին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Թբիլիսի ժամանած Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի և Չեխիայի ԱԳՆ ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է. « «Կովկաս – 2012»-ը սպառնում է ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»: Մոսկվայում, սակայն, այդ մեղադրանքն «անհիմն» է որակվել: