Ստվերաձևում

Հայաստանի 462 խոշոր հարկ վճարողների մոտ աշխատողների միջին ցուցակային թիվն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավելացել է 5,5%-ով, այն դեպքում, երբ ընկերությունների պարտադիր սոցվճարները կրճատվել են 5,1%-ով։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի «2012թ. II եռամսյակի խոշոր հարկ վճարողների մոնիթորինգի ամփոփ ցուցանիշներ» հրապարակման՝ այս տարվա առաջին կիսամյակում 462 խոշոր հարկ վճարողների մոտ աշխատողների միջին ցուցակային թիվը կազմել է 138,6 հազ., ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 4,2 հազ-ով կամ 5,5%-ով։ Աշխատակիցների թվաքանակի ավելացումը բերել է նաև աշխատավարձային ֆոնդի աճի. աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներն ավելացել են 8,1%-ով։ Ուշագրավ է, որ գրանցված աշխատողների թվի ու աշխատավարձային ֆոնդի աճի պայմաններում ընկերությունների պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 5,1%-ով կամ մոտ ֌1 մլրդ-ով։

Խոշոր հարկատուների մոտ աշխատողների թվաքանակի ավելացումը խոսում է վերջիններիս ստվերից դուրս բերելու մասին։ Ուշագրավ է, սակայն, որ պետբյուջեն դրանից չի շահել, ինչպես վկայում է սոցվճարների կրճատումը։

Սոցվճարների նվազումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ թեև տնտեսավարողները ստվերից դուրս են բերել աշխատակիցներին, ստվերում է մնացել նրանց աշխատավարձերի մի մասը։ Ընդ որում՝ ստվերում է հայտնվել նաև մյուս աշխատողների աշխատավարձերի ինչ-որ հատվածը։ Այս մասին է վկայում թերևս այն, որ 462 ընկերությունների մոտ միջին գրանցված աշխատավարձն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է ֌92 հազ., ինչը ֌3,8 հազ-ով կամ 4%-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Եվ սա այն դեպքում, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն առաջին կիսամյակում Հայաստանում մասնավոր հատվածում միջին աշխատավարձի 6,9%-ով աճ է արձանագրել (կազմել է ֌146,4 հազ.)։

Հայաստանում պարտադիր սոցվճարների ծավալը կախված է աշխատավարձից, այսինքն՝ որքան բարձր է աշխատավարձը, այնքան մեծ է վճարվող գումարի չափը։ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքով վճարումների սանդղակն այնպիսին է, որ գործատուին տնտեսապես նպատակահարմար չէ «ցույց տալ» ֌100 հազ-ը գերազանցող աշխատավարձ։ Այդ դեպքում նա պետք է վճարի ֌19 հազ. և ֌100 հազ-ը գերազանցող գումարի 5%-ը, այնինչ ֌20-100 հազ. աշխատավարձի դեպքում վճարվում է ֌7 հազ.՝ գումարած 20 հազ-ը գերազանցող գումարի 15%-ը։

Այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե վճարված պարտադիր սոցվճարների ծավալն աճել է 0,7%-ով կամ ֌420 մլն-ով։ Ընդ որում՝ այս ժամանակահատվածում 462 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե են վճարվել ֌143 մլրդ-ի հարկեր կամ բյուջեի հարկային եկամուտների 36,2%-ը, և սոցվճարների ծավալի 32,3%-ը կամ 19,8 մլն։ Ստացվում է, որ սոցվճարների աճի բեռն ամբողջովին ընկել է մյուս ընկերությունների վրա։

Մյուս կողմից՝ աշխատակիցների ստվերից դուրս գալն ավելացրել է պետբյուջեի մուտքերը եկամտահարկի մասով։ Այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների կողմից վճարած եկամտահարկի ծավալն աճել է մոտ 20%-ով կամ 3,4 մլրդ-ով՝ կազմելով 20,2 մլրդ (պետբյուջե մուտքագրված եկամտահարկի 48%-ը)։ Եկամտահարկի աճը որևէ կապ չունի գործատուի հետ, այն գործնականում վճարում է աշխատակիցը։ Ստացվում է, որ «ստվերային» աշխատակիցների կրճատումից խոշոր ընկերությունները որևէ կերպ չեն տուժել, նույնիսկ օգուտներ են քաղել սոցվճարների մասով։

Մեկնաբանել