Վանաձորը չի կապվում Ֆիոլետովոյին

Երկաթուղու Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի շինարարությունը պետք է մեկնարկած լիներ այս տարի, սակայն տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խոսում է ինչ-որ խնդիրների մասին, որոնք դեռ քննարկման փուլում են։

Տրանսպորտի և կապի նախարարությունում կրկին հիշել են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային նախագծի մասին։ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 14-ին Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման խնդրին՝ նշելով, որ այդ նախագիծը կարևոր և շահեկան նշանակություն ունի Հայաստանի համար, և որ ծրագրի հետ կապված խնդիրները քննարկման փուլում են:
Գագիկ Բեգլարյանի կողմից նախագծի հիշատակումն ուշագրավ է այն առումով, որ դեռևս 2011թ. գարնանը հնչած հայտարարությունների համաձայն՝ երկաթգծի այս հատվածի շինարարությունը պետք է մեկնարկած լիներ այս տարի։ Իրականում ոչ միայն չեն սկսվել շինաշխատանքները, այլև հայտնի չեն ֆինանսավորման աղբյուրները։

Վանաձոր-Ֆիոլետովո 32 կմ երկարությամբ և մոտ $100 մլն արժողությամբ երկաթուղային նախագծի իրականացման համար անհրաժեշտ միջոցների 50%-ը նախնական համաձայնությամբ պետք է հատկացներ «Հարավկովկասյան երկաթուղու» մայր ընկերությունը՝ «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգին» (ՌԺԴ)։ Մյուս մասը կազմելու էր կառավարության համաֆինանսավորումը։

Վանաձոր-Ֆիոլետովո հատվածը կարևոր է բեռնափոխադրումների տեսակետից, քանի որ այն Աղստև-Իջևան-Հրազդան-Երևան երկաթուղային ուղղությունը միացնելու է Թբիլիսի-Գյումրի-Մասիս ուղղությանը։ Այս նախագծի իրականացումը մոտավոր հաշվարկներով 20%-ով կամ 70 կմ-ով կրճատելու է Երևանից մինչև վրացական սահման ընկած հատվածը։

Հայկական երկաթուղին տնօրինող ռուսական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերությունը և նրա դուստր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քանիցս կասկածի տակ են առել այս նախագծի տնտեսական արդյունավետությունը։ ՌԺԴ նախագահ Վլադիմիր Յակունինը 2010թ. հուլիսին Երևանում հայտարարեց, թե ամեն ինչ որոշում է տնտեսական արդյունավետությունը. «Վստահ չեմ, որ երկաթուղային փոխադրումների տեսակետից սա [Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը] արդյունավետ է»:

Հայկական երկաթուղու կառավարողի մոտեցումը հասկանալի է։ Ասիական զարգացման բանկի կողմից պատրաստված «Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարություն 2020թ.» փաստաթղթում նշվում է, որ նախագծի իրականացման արդյունքում դեպի սևծովյան նավահանգիստներ երկաթուղային բեռնափոխադրումների ծախսերը կկրճատվեն յուրաքանչյուր տոննայի հաշվարկով $2-ով։ Հաշվի առնելով Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը (առանց ներքին փոխադրումների)՝ այս նախագծի իրականացման արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղին» տարեկան կտրվածքով կկորցնի մոտ $40 մլն։

Հասկանալի է, որ բիզնեսի տեսանկյունից որևէ ընկերություն հազիվ թե գնա ներդրումային մի ծրագրի իրականացման, որը կկրճատի սեփական եկամուտները։