Fearytale. վախի հետազոտություն

Սեպտեմբերի 16-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Մնջախաղի պետական թատրոնը հյուրընկալեց մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում Բոննից ժամանած գերմանական երկրորդ թատերախմբին: Cerna&Vanek Dance թատերախումբը Հայաստան էր բերել իր Fearytale պլաստիկ ներկայացումը: Առաջին և դեռևս միակ ցուցադրությանը ներկա էր «Օրակարգի» լրագրողը, որը նաև զրուցել է թատրոնի հիմնադիր, պարող և խորեոգրաֆ Կարել Վանեկի և դրամատուրգ Գուիդո Փրոյսի հետ:

Կարել Վանեկը չեխ է, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Գերմանիայում: Պարող դառնալուց առաջ նա մաթեմատիկա է ուսանել Պրահայում, հետո տեղափոխվել է Ֆրայբուրգ, այնուհետև՝ Բոնն: 1991թ. նա իր կնոջ՝ Էվա Չեռնայի հետ ստեղծել է Cerna&Vanek Dance թատերախումբը և հաջողության հասել հեղինակային ներկայացումներով: Չորս տարի առաջ գեղեցկուհի Էվան հեռացել է կյանքից քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Վանեկը, աշխատելով տարբեր թատրոններում և պարախմբերում, շարունակում է ներկայացումներ բեմադրել Cerna&Vanek Dance պարախմբով՝ հիմնվելով սեփական կենսափորձի և ապրումների վրա:

Նրա ներկայացումները դիտելը փորձություն է. Վանեկը խոսում է անձնական ու միևնույն ժամանակ համընդհանուր իրավիճակների և զգացմունքների մասին՝ հիմնականում մարմնի լեզվով:

Ներկայացման անվանումը՝ Fearytale, որը գոյացել է fear՝ վախ և fairytale՝ հեքիաթ բառերի միախառնումից, ինքնին խոսուն է։ Այն վախի տեսակների մասին է: «Իմ արվեստն ինձ համար իրականության հետ համակերպվելու միջոց է: Ես շատ վախեր ունեմ և փորձում եմ վերապրել, գեղարվեստորեն վերաիմաստավորել դրանք»,– ասում է Կարելը:

Նա ուսումնասիրել է վախի արտահայտումները մարդու և կենդանիների մոտ: Քանի որ Վանեկի համար գլխավորը պարն է, սկզբում ծնվել են շարժումները: «Մենք հայտնաբերեցինք, որ մարդը վախենալիս կա՛մ սառչում է, անշարժանում, կա՛մ սկսում է դողալ և անկանոն շարժումներ անում: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես է մարմինը մի վիճակից անցնում մյուսին, ինչպես են դրանք առհասարակ կապվում»,– ասում է Գուիդոն:

Սակայն մտահղացումը գեղարվեստական կաղապար էր պահանջում: Հեղինակները սկսել են վախի մասին համապատասխան սյուժե որոնել և կանգ առել գերմանական հեքիաթներից մեկի վրա: «Մանկական հուշերիս անդրադառնալով՝ ես հասկացա, որ միայն մի հեքիաթ կա, որը խորագույն հետք է թողել իմ հոգում և որը, ըստ ինձ, ամենասարսափելի վիճակի՝ զգալու ունակությունը կորցնելու մասին է: Դա Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» է»,– ասում է Կարելը:

Գուիդոյի խնդիրն էր միավորել այս երկու ստեղծագործությունները՝ Վանեկի պարային հատվածները և հեքիաթը, ինչը և նա արել է՝ համընթաց նոր գաղափարներ և իմաստային նոր շերտեր հայտնաբերելով: «Ինձ համար «Ձյունե թագուհին» նաև զգացմունքները ցուցադրելու վախի մասին է: Մենք մտածեցինք, որ սա համընդհանուր խնդիր է: Բնականաբար, արևմտյան հասարակությունների համար այն ավելի սուր է, սակայն հավատացած եմ, որ խնդիրը պարզապես մեր ժամանակին է վերաբերում, հետևաբար բոլորին է ծանոթ»,– ասում է Գուիդոն:

Fearytale-ը հեռու է դասական թատրոնից: Այն չունի սյուժե, տարբերակված գործող անձինք։ «Մենք ցանկանում ենք, որ ներկայացումը զգացմունքների և նույնիսկ ֆիզիկական մակարդակի վրա ընկալվի, ո՛չ բանականությամբ»,– ասում է Կարելը:

Վանեկի պարային ոճը յուրահատուկ խառնուրդ է այն ամենի, ինչ նա ուսանել է երկար տարիների ընթացքում՝ մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, ժամանակակից պար: «Ես չեմ թելադրում իմ պարողներին, թե ինչպես պետք է շարժվեն: Ես առաջարկում եմ գաղափարը, հետևում նրանց շարժումներին և «հավաքում» պարը, ստեղծում ընդհանուր խորեոգրաֆիան»,– ասում է նա:

Fearytale ներկայացումը պարում է չորս տղամարդ, ավելի ճիշտ՝ նրանցից երեքը պարում են, իսկ մեկը ժամանակ առ ժամանակ կարդում է հատվածներ հեքիաթից: «Մենք մտածեցինք, որ տղամարդիկ ավելի շատ վախեր ունեն, այդ իսկ պատճառով կանգ առանք այս կազմի վրա: Մենք չենք ցանկացել ներկայացման մեջ ներառել տղամարդ-կին հարաբերությունները, քանի որ դա այլ թեմա է, որը մեզ ուրիշ ուղղությամբ կտաներ»,- ասում է նա:

Դասական պարում ընդունված է հենվել երաժշտության վրա, պարը կառուցել ելնելով երաժշտությունից։ Կարելը հակառակն է անում։ Նա մշակում է պարը, իսկ հետո փորձում գտնել երաժշտություն, որը կհամապատասխանի մտահղացմանը: «Կարևորը մարմինն է»,– կրկնում է Կարելը:

Երաժշտությունը, որը նա օգտագործել է Fearytale-ի համար, դժվար է երաժշտություն անվանել, սակայն այն ևս իմաստային բեռ է կրում, մի կողմից բացահայտ, մյուս կողմից՝ թաքնված: Երբեմն բացառապես տեխնոգեն ձայներից բաղկացած էլեկտրոնային երաժշտությունը պարզապես ֆիզիկական մակարդակի վրա անհանգստություն և վախ է առաջացնում, քանի որ արհեստական է, անսպասելի:

Գուիդոն կարծում է, որ նման երաժշտությունը ցույց է տալիս շնչավորի և անշունչի նմանությունները, վախի և զգացմունքների միջև կապը: «Կարելի է ասել, որ այս երաժշտությունը մշակույթի և բնության խառնուրդ է։ Ստեղծված լինելով մարդու կերտած մեքենաների կողմից՝ այն պատճենում է բնությունը: Նույն գվվոցը, բզզոցն ու խշշոցը կարելի է լսել դաշտում կամ անտառում, այն նույնքան անկանխատեսելի է, որքան բնության ձայները»,– ասում է Գուիդոն:

Ներկայացման վերջում Գերդան գտնում է Կային, և նրա արցունքները հալեցնում են սառույցը տղայի սրտում: Այդ պահին սառցե բեկորները, որոնցից նա դղյակում գտնվելու ամբողջ ընթացքում փորձում էր կազմել «բանականության սառցախաղ» բառակապակցությունը, դասավորվում են ինքնուրույն՝ ազատելով Կային Սառցե թագուհու իշխանությունից և նվիրում նրան աշխարհի կեսը՝ բանականությունը: Մյուս կեսը՝ զգացմունքների աշխարհը, նրա համար բացահայտում է Գերդան: Այսպիսով հանդիպում են մարդու գոյության երկու բևեռները՝ զգացմունքներն ու բանականությունը։ Ընդ որում՝ երկրորդը հասանելի է դառնում միայն առաջինը ճանաչելուց հետո:

Կարելի է երկար քննարկել այս ներկայացումը՝ արքետիպային կերպարներով հարուստ հեքիաթային ֆաբուլայով ու բարդ երաժշտությամբ, սակայն մեկ բան ակնհայտ է՝ Կարել Վանեկի գերազանց խորեոգրաֆիան իրական տոն է աչքի համար: Իսկ արվեստը, ինչպես հայտնի է, առաջին հերթին գեղեցիկի գովաբանումն է: