Սեպտեմբերի 20-ին կմեկնարկի Թուրքմենստանի նախագահի գավաթի միջազգային բաց առաջնությունը, որին մասնակցող 9 ընտրանիների թվում է նաև Հայաստանի Մ16 հավաքականը: Հանդիպումները կանցկացվեն երկրի մայրաքաղաք Աշխաբադում` «Կոպետդագ» և «Աշխաբադ» մարզադաշտերում:
Վիճակահանության արդյունքով հավաքականները բաժանվել են երկու խմբի: Մեր պատանիներն ընդգրկվել են A խմբում` Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հավաքականների հետ: B խումբը կազմել են Ուկրաինան, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Բելառուսը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարին նախապատրաստվելու շրջանակներում մեր պատանիները ստուգողական հանդիպում էին անցկացրել Ճապոնիայի Մ17 հավաքականի հետ` զիջելով 0:7 հաշվով:
Նշենք, որ այս գավաթի խաղարկությունն ավելի վաղ անցկացվում էր ամեն տարի փետրվարին, սակայն Թուրքմենստանի նախագահի առաջարկով այն այսուհետ կանցկացվի սեպտեմբերին:
Ներկայացնում ենք Հայաստանի Մ16 հավաքականի խաղացանկը.
Սեպտեմբերի 20 (հինգշաբթի)
14.00 Հայաստան– Ղրղզստան (1-ին տուր, խումբ А), «Աշխաբադ» մարզադաշտ
Սեպտեմբերի 21 (ուրբաթ)
14.00 Ղազախստան– Հայաստան (2-րդ տուր, խումբ А), «Աշխաբադ» մարզադաշտ
Սեպտեմբերի 22 (շաբաթ)
17.00 Հայաստան – Թուրքմենիստան (3-րդ տուր, խումբ А), «Աշխաբադ» մարզադաշտ
Սեպտեմբերի 24 (երկուշաբթի)
14.00 Ռուսաստան – Հայաստան (4-րդ տուր, խումբ А), «Աշխաբադ» մարզադաշտ
Սեպտեմբերի 27-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ երկու օր անց` եզրափակիչ հանդիպումները: