Գյուղապետի նոր ընտրություններ` Արմավիրի Խորոնք գյուղում

Արմավիրի Խորոնք գյուղում կկայանան գյուղապետի նոր ընտրություններ: Սեպտեմբերի 9-ին  կայացած ընտրություններում անկուսակցական թեկնածու Արայիկ Աբասյանը և հանրապետական թեկնածու Սարգիս Նահապետյանը հավաքել էին հավասար ձայներ, որից հետո օրենքով նախատեսված կարգով վիճակահանություն էր անցկացվել: Մինչ այդ երկու թեկնածուները խոստացել էին հրաժարական ներկայացնել` անկախ վիճակահանության արդյունքներից, և նոր ընտրություններ կազմակերպել: Վիճակահանության արդյունքում գյուղապետ էր դարձել անկուսակցական թեկնածու Արայիկ Աբասյանը, որն արդեն հրաժարական է ներկայացրել: Ներկայում թեկնածուները սպասում են մարզպետի հաստատմանը` նոր ընտրությունների կազմակերպման համար:

Հիշեցնենք, որ Խորոնքում սեպտեմբերի 9-ին կայացած գյուղապետի ընտրություններն ավարտվել էին Արայիկ Աբասյանի հաղթանակով, որը երկու ձայնի առավելությամբ առաջ էր անցել Սարգիս Նահապետյանից:

Հաշվարկի արդյունքում սակայն հաղթական երկու ձայնը ճանաչվել էր անվավեր, և Արայիկ Աբասյանի պահանջով կազմակերպվել էր վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում արձանագրվել է ձայների հավասար քանակ՝ 662-662: