Սիրիացի ապստամբները Բաշար ալ Ասադին $25 մլն են գնահատել

Սիրիացի ընդդիմադիրների խոշորագույն զինված խմբավորումը՝ Սիրիայի ազատ բանակը $25 մլն պարգև է խոստացել նրան, ով իրեն կհանձնի նախագահ Բաշար ալ Ասադին «ողջ կամ մեռած», հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ապստամբների հրամանատարներից մեկը՝ Ահմադ Հիջազին, պարզաբանել է, որ գումարները վճարելու են «Սիրիայում և նրա սահմաններից դուրս աշխատող ու Սիրիայի ազատ բանակին աջակցող սիրիացի որոշ գործարարներ»։

Հայտարարելով պարգևի մասին՝ նրանք լիահույս են, որ Բաշար ալ Ասադի կողմնակիցներից որևէ մեկը կդավաճանի նրան։

Նշենք, որ Սիրիայում 2011թ․ մարտից շարունակվող հակամարտության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Բաշար ալ Ասադի համար գլխագին է առաջարկվում։ Գարնանը սաուդցի իմամ Ալի առ Ռաբիին խոստացել էր $450 հազ․ վճարել նրան, ով կկարողանա վերացնել Սիրիայի նախագահին։ Մեկնաբանելով իր առաջարկը՝ Առ Ռաբիին Ասադին անվանել էր «մարդասպան, որի՝ երեխաների ու կանանց դեմ ուղղված հանցագործությունները սարսափեցրել են աշխարհին»։