Ռոսսելխոզնադզորը ճնշում է գործադրում հայ ձկնարտադրողների նկատմամբ

Իսլանդական սառեցված սկումբրիայում և հայկական իշխանում Ռուսաստանում հայտնաբերել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ:

Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», մանրակրկիտ լաբորատոր ստուգումների արդյունքների հիման վրա արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության և հայկական «Ակվատեխավտոմատիկա» ընկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից: «Եթե խմբաքանակն առաքվել է մինչև սեպտեմբերը, ապա դրա ներկրումը կթույլատրվի միայն մանրակրկիտ լաբորատոր փորձաքննությունից հետո»,- նշված «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրությունում։

«Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության համաձայն՝ իսլանդական սառեցված սկումբրիա և Հայաստանից ներմուծվող իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ:

«Ակվատեխավտոմատիկա» ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Գևորգյանը ՍիվիլՆեթ-ին ասաց, որ ընկերության արտադրանքը Հայաստանում անցնում է լաբորատոր փորձաքննություն, որում աղիքային ցուպիկների խմբի որևէ բակտերիաներ չեն հայտնաբերվում։

«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանում մեր միջնորդ կազմակերպության նկատմամբ այլ խոշոր ընկերությունների կողմից ճնշում է գործադրվում, ինչի հետևանքով նաև մենք ենք տուժում»,-ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ այս արգելքի հետևանքով ընկերությունը կարող է լուրջ ֆինանսական վնասներ կրել։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ընկերության հիմնական շուկան է. արտադրանքի մոտ 80% և արտահանման 99%-ը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային։

«Ցավոք մենք այսօր պաշտպանված չենք ռուսական շուկայում»,- ասաց Գևորգյանը։

«Ռոսսելխոզնադզորը» խիստ հսկողություն է սահմանել նաև Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից, Ուկրաինայից և Իսպանիայից ներմուծվող մի շարք մսամթերքի և ձկնամթերքի նկատմամբ՝ «աղիքային ցուպիկների խմբի բակտերիաների առաջնային հայտնաբերման կապակցությամբ»: