Դատավորն արգելել է նկարահանել «Սիվիլիթաս»-ի գործով նիստը

«Սիվիլիթաս»-ի գործով դատական կարճատև նիստի ընթացքում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանն արգելեց լրատվամիջոցներին ձայնագրել և տեսանկարահանել դատական նիստը` պատճառաբանելով, որ նախորդ նիստը` Վարդան Օսկանյանի գործով, պատշաճ կերպով չի լուսաբանվել և դգժոհեց, որ տեսանյութերում (մասնավորապես` «Կենտրոն» հեռուստաընկերության) տեղ էր գտել Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բացասական կարծիքը դատարանի մասին:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, այս որոշումը դատավորը կայացրել է հակառակ նրան, որ դատական նիստը դռնբաց է: «Սիվիլիթաս»-ի փաստաբան Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ լուսաբանումն արգելելու վերաբերյալ դատավորի բերած պատճառաբանությունը անհիմն էր: Փաստաբանը հաջորդ դատական նիստի համար միջնորդություն կներկայացնի դատավորին, որ տեսանկարահանումը թույլատրվի, հակառակ դեպքում` փաստաբանի մոտ լուրջ կասկածներ կառաջանան դատարանի անկողմնակալության վերաբերյալ: Բացի այդ` փաստաբանը տարակուսանք հայտնեց, թե ինչու պետք է «Սիվիլիթաս»-ի և Վարդան Օսկանյանի գործերը դիտարկվեն որպես մեկ գործ` չնայած, որ դրանք սերտորեն փոխկապակցված են, և նախորդ գործի լուսաբանման որակը տարածել նաև այս գործի վրա:

Մեկնաբանել