Գերմանացիների 2/3-ը մարկը նախընտրում է եվրոյից

Գերմանացիների 2/3-ը կարծում է, որ այսօր ավելի բարեկեցիկ կապրեր գերմանական մարկի պահպանման, քան եվրոյի առկայության պայմաններում։ Գերմանացիների մոտ կեսը վստահ է, որ առանց Եվրամիության՝ իր կյանքն ավելի լավը կլիներ։ Ֆարնսիացիներն ու լեհերը ԵՄ անդամակցությունից ավելի շատ են առավելություն տեսնում, հաղորդում է գերմանական Deutche Welle հեռուստաալիքը։

Եվրոգոտու ճգնաժամը միանշանակ չի անդրադառնում եվրոպացիների՝ ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Ավելի ու ավելի քիչ թվով գերմանացիներ են իրենց համար առավելություններ տեսնում Գերմանիայի՝ Եվրամիության կազմում լինելու մեջ։ Իրենց հերթին նրանց հարևան լեհերն ու ֆրանսիացիները, չնայած ճգնաժամին, շարունակում են կարծել, որ միավորված Եվրոպայում իրենք լավ աշխատանք գտնելու և կյանքը դասավորելու ավելի շատ շանսեր ունեն։ Այսպիսին են գերմանական TNS Emnid սոցիոլոգիական ինստիտուտի՝ Բերտելսմանի հիմնադրամի (Bertelsmann-Stiftung) համար իրականացրած հարցման արդյունքները։

Հարցումն անցկացվել է 2012թ․ հուլիսին Գերմանիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում։ Երեք երկրներից յուրաքանչյուրում հարցմանը մասնակցել է հազար մարդ։ Հետազոտության հեղինակները ԵՄ քաղաքացիների, հատկապես՝ գերմանացիների շրջանում ընդհանուր առմամբ Եվրամիության գործունեության և միասնական արժույթի վիճակի բացասական գնահատականի աճ են արձանագրում։

Գերմանիայում Եվրամիության նկատմամբ բացասական վերաբերմունք հատկապես հաճախ արտահայտել են միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները, ինչպես նաև կրթական ոչ բարձր մակարդակ և ցածր եկամուտ ունեցող հարցվածները։ Հարցված գերմանացիների 49%-ը և ֆրանսիացիների 34%-ը կարծիք է հայտնել, որ եթե Եվրամիությունը չստեղծվեր, իր կայնքն այսօր ավելի լավը կլիներ։ Այն, որ Եվրամիության ստեղծումից իր ներկայիս կենսական դրությունը բարելավվել է, հայտարարել է գերմանացի հարցվածների 29%-ը և ֆրանսիացի հարցվածների 34%-ը։

Ի տարբերություն լեհերի ու ֆրանսիացիների՝ գերմանացիները թերահավատորեն են գնահատում Եվրամիության դերը աշխատատեղերի ստեղծման հարցում։ Հարցված գերմանացիների միայն 28%-ն է վստահ, որ իր աշխատանքի տեղավորման շանսերն առանց ԵՄ-ի ավելի վատը կլինեին։ Գերմանիայի քաղաքացիների կեսի (52%) համար ԵՄ անդամակցությունը ոչ մեծ առավելություն է։

Աճում է գերմանացիների դժգոհությունը նաև եվրոյի նկատմամբ։ Գերմանացի հարցվածների 2/3-ը (65%) կարծում է, որ իր նյութական վիճակը գերմանական մարկի պահպանման պայմաններում «ավելի լավ» կամ անգամ «շատ ավելի լավ» կլիներ, քան այսօր է՝ եվրոյի առկայության պայմաններում։

Մեկնաբանել