Սփյուռքի նախարարն ընդունել է հայ-սիրիական գործարար խորհրդի ղեկավարներին

Սեպտեմբերի 17-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սիրիայի առևտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի  նախագահ Լևոն Զաքի Ետալյանին և Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի  փոխնախագահ Սուրեն Վարդանյանին, հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող մի շարք հարցեր: Ներկայում գործազրկության հարցը շարունակում է մնալ ամենաարդիականը: Հյուրերը ներկայացրել են Հայաստանում սիրահայերի՝ աշխատանքով ապահովման և սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշվել են հնարավոր ուղիներ և մոտեցումներ, որոնց  իրականացումը հնարավոր կդարձնի հարցի արդյունավետ լուծումը:

Նախարարը հյուրերին հավաստիացրել է, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են: