Երևանում շարունակվում են հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները

Մայրաքաղաքի բանուկ հատվածներում շարունակվում են հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Այս մասին այսօր զեկուցվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:

«Բոլոր վարչական շրջաններում ուսումնասիրե´ք տարածքները և առանձնացրե´ք այն վայրերը, որտեղ հնարավոր է տեղադրել նման ցուցատախտակներ և սեղմ ժամկետներում իրականացրե´ք այդ աշխատանքները»,- նշել է քաղաքապետը` հանձնարարելով հասարակական նշանակություն ունեցող վայրերից հայտարարությունների և այլ պաստառների մաքրման աշխատանքները:

Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ապամոնտաժվում են նաև խորհրդային տարիներից մնացած ոչ պիտանի գովազդները:

Հանձնարարվել է նաև ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ ապահովել մայրաքաղաքի տոնական տեսքը: 

Քաղաքապետը հանձնարարել է նաև ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն: Հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել երթուղի դուրս բերվող մեքենաքանակին և խստորեն վերահսկել, որպեսզի հասարակական տրանսպորտը կանգառ կատարի միայն նախատեսված կանգառագոտիներում:   
Ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի կանգառագոտիներում եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման պիլոտային ծրագիրը, համաձայն որի առաջիկայում մայրաքաղաքի բնակիչները կանգառներում հնարավորություն կստանան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի  մասին: 

Զեկուցվել է նաև, որ այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 7 նոր անցումներից 5-ն արդեն շահագործվում է և ապահովված է գիշերային լուսավորությամբ:

Մայրաքաղաքի այգիներում ու պուրակներում շարունակվում է  WiFi կապի ընդլայնման ծրագիրը: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել մարդաշատ այլ վայրերում ևս նման կապ ապահովելու ուղղությամբ: