Գաղտնի ոստիկանությունից ազգային անվտանգության ծառայություն

Հատուկ ծառայությունների վերաբերյալ միայն անցած դարում ստեղծվել են բազմահազար պատմություններ, հրատարակվել միլիարդավոր էջ նյութեր, նկարահանվել բյուրավոր ֆիլմեր: Տարբեր ծառայությունների վերաբերյալ տեղացիների մոտ արմատավորված լեգենդները շատ հաճախ ծնունդ են տվել կարծրատիպերի, կոնսպիրոլոգիական մոտեցումների: Իմ կարծիքով, որևէ երկրի հատուկ ծառայությունների որակի ինդիկատոր կարող է լինել տվյալ ժողովրդի կարծիքն այդ ծառայության մասին:

Անկախ տարբերություններից, հատուկ ծառայությունների ընդհանուր նպատակը, գոնե հռչակագրային մակարդակով, ազգային անվտանգության ապահովումն է: Ինչքանո՞վ են ՀՀ և ԼՂՀ քաղաքացիները իրենց անվտանգությունն ապահովված համարում` երկու հանրապետությունների ազգային անվտանգության ծառայությունների գործունեության արդյունքում, արդյո՞ք այդ ծառայություններն ընկալվում են որպես քաղաքացիների գործընկեր, թե՞ մի մարմին, որից անհրաժեշտ է զգուշանալ: Առօրյա փորձը ցույց է տալիս, որ վերջինը: Սրա պատճառները հարկավոր է փնտրել ոչ միայն այդ կառույցներում առկա խնդիրներում, այլև կառույցների պատմական զարգացման համատեքստում:

Ազգային անվտանգությամբ զբաղվող ծառայություններից սեփական ժողովրդի մոտ ամենամեծ հեղինակությունն ունեցողներից է Մոսադը` Իսրայելի հատուկ ծառայություններից մեկը: Այդ հեղինակությունը ստեղծվել է դեռ մինչև Իսրայել պետության ստեղծումը, երբ 20-րդ դարի առաջին կեսին կազմակերպվում էին հրեական հայրենադարձությունները դեպի Պաղեստին, և Մոսադը հայրենադարձներին պաշտպանում էր արաբների հարձակումներից: Պետության ստեղծումից հետո Մոսադը հայտնի դարձավ հրեաների պաշտպանության, հրեաների կոտորածների կազմակերպիչների ոչնչացման և Իսրայելի թշնամիների դեմ մի շարք հայտնի գործողություններով`մեկնըդմիշտ դառնալով յուրաքանչյուր հրեայի հպարտության առարկա:

Հայկական ԱԱԾ-ները, փաստորեն, խորհրդային ԿԳԲ-ի ժառանգորդն են, այն ԿԳԲ-ի, որի մասին հայերի մեջ հիմնականում բացասական պատկերացումներ կան: Մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ, տոտալ հսկողություն սեփական ժողովրդի նկատմամբ, ազգային շարժումների ճնշում, մտավորականության գլխատում,- ահա խորհրդային ԿԳԲ-ի պատկերը:

Անկախությունից հետո մենք ցավոք չվերաիմաստավորեցինք այս կառույցը, այն այսօր էլ, հատկապես Արցախում, մնում է սեփական ժողովրդի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, քան ապահովում է ազգային անվտանգությունը:

Խորհդրային ՊԱԿ-ի ստվերը հայկական ԱԱԾ-ներին թույլ չի տալու լիակատար վստահություն ձեռք բերել հասարակության մեջ: Այս կառույցն ամբողջական վերաիմաստավորման կարիք ունի` ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած սեփական քաղաքացիների հետևող գաղտնի ոստիկանությունից անվտանգությունն ապահովող մարմին դառնալու համար:

Մեկնաբանել