Օբաման շարունակում է ժողովրդականությամբ գերազանցել Ռոմնիին

ԱՄՆ նախագահ, ԱՄՆ-ի նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման ժողովրդականությամբ գերազանցում է նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիին։ Այս մասին վկայում են Reuters/Ipsos համատեղ հարցման արդյունքները։ Հարցումն իրականացվել է սեպտեմբերի 12-17-ը ինտերնետով։ Դրան մասնակցել է 591 մարդ, սխալմունքի հավանականությունը 4,8% է։

Համաձայն սոցիոլոգների տվյալների՝ եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, Օբամայի օգտին կքվեարկեր ընտրողների 48%-ը, Ռոմնիի օգտին՝ 43%-ը։ Անցյալ շաբաթ ուժերի հարաբերակցությունն այսպիսին էր՝ դեմոկրատի 48%-ը՝ ընդդեմ հանրապետականի 41%-ի։ Հարցման հեղինակները հիշեցնում են, որ այսպիսի պատկեր է ձևավորվել Դեմոկրատական կուսակցության՝ Հյուսիսային Կարոլինայում սեպտեմբերի սկզբին կայացած համագումարից հետո։ Հարցն այն էր՝ կկարողանա արդյոք Օբաման պահպանել իր առավելությունը։

«Այս արդյունքներից ես կարող եմ եզրակացնել, որ սա շատ լավ նորություն է Օբամայի համար։ Համագումարից հետո ձևավորված վարկանիշը պահպանվում է և կարող է այդպիսին մնալ հետագայում էլ»,- ենթադրում է Ipsos-ի փորձագետ Ջուլիա Կլարկը։

Մասնագետները նաև պարզել են՝ գրանցված ընտրողների 37%-ը կարծում է, որ Օբամայի՝ երկրի տնտեսության վերականգնման ծրագիրն ավելի լավն է, քան այն, որն առաջարկում է Ռոմնին։ Վերջինիս՝ այս խնդրի լուծման գաղափարներին հավանություն է տալիս հարցվածների միայն 34%-ը։ Հարցվածների 40%-ը աջակցում է աշխատատեղերի ստեղծման և գործազրկության դեմ պայքարի՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի քաղաքականությանը, Ռոմնիի առաջարկները ժողովրդականություն են վայելում հարցվածների 36%-ի շրջանում։ Սակայն հարցվածների 34%-ը կարծում է, որ հանրապետականների թեկնածուն ավելի լավ կկարողանա լուծել դաշնային բյուջեի դեֆիցիտի խնդիրը։ Հարցվածների մոտ 29%-ը այս հարցում ապավինում է դեմոկրատին։

Ի դեպ, ինչպես հաղորդում է BBC-ն, Ռոմնին նվաստացուցիչ արտահայտություններ է թույլ տվել Օբամայի համախոհների հասցեին։ Այս մասին հայտնի է դարձել հանրապետական թեկնածուի՝ մասնավոր հովանավորների հետ հանդիպման՝ թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութից։

Ռոմնին հայտարարել է, որ ամերիկացի ընտրողների 47%-ը, որն աջակցում է Օբամային, չի վճարում եկամտահարկերը և երբեք չի քվեարկի հանրապետականի օգտին։

Դեմոկրատների պատասխանն իրեն սպասեցնել չի տվել։ Օբամայի շտաբի ներկայացուցիչ Ջիմ Մեսինան հայտարարել է, որ «դժվար է լինել բոլոր ամերիկացիների նախագահ, եթե քամահրանքով «հաշվից հանում ես» ազգի կեսին»։