Գրետա Գարբո` մենավոր աստղ

102 տարի առաջ այս օրը ծնվել է 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը` դերասանուհի Գրետա Գարբոն: Նա ժամանակի խորհրդանիշն է եղել, չնայած բավական կարճ կենսագրությանը կինոյում` 1922-1939թթ.:  Գրետա Գարբոն հեռացել է կինեմատոգրաֆից գեղեցկության և տաղանդի ծաղկունքի գագաթնակետին, լիակատար մենակեցությունը գերադասելով բոհեմային կյանքին: Նրա նույնիսկ բնակության վայրը երկար տարիներ անհայտ էր:

Գրետա Լովիսա Գուստաֆսոնը ծնվել է 1905թ. Ստոկհոլմում: Նա ընտանիքի երրորդ երեխան էր: 13 տարեկանում՝ հոր մահից հետո, Գրետան ստիպված է եղել թողնել դպրոցը և գումար վաստակել:

Առաջին անգամ հայտնվել է տեսախցիկի առջև իր գործատուի խանութի  գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ: Նրան նկատել է ռեժիսոր Էրիկ Փեթչերը և փոքր դեր առաջարկել իր ֆիլմերից մեկում: 1922-1924թթ․ Ստոկհոլմի Թագավորական դրամատիկական թատրոնում ուսանելու տարիներին երիտասարդ դերասանուհին ծանոթացել է ռեժիսոր Մորից Սթիլլերի հետ, որը և նվիրել է նրան նոր բարեհունչ անուն` Գրետա Գարբո:  Հենց այս ռեժիսորն էլ օգնել է Գրետային առաջին քայլերն անել մեծ կինոյում: Սթիլլերի «Սագա Յեսթա Բերլինգի մասին» ֆիլմը գրավել է Metro-Goldwyn-Mayer կինոընկերության հիմնադիր Լուիս Մայերի ուշադրությունը և Գրետան հայտնվել է Հոլիվուդում:

Գարբոյի առաջին լուսանկարները ցնցել են հոլիվուդյան կինեմատոգրաֆիստներին: Գրետայի դիմագծերը կարող էին օրինակ ծառայել անտիկ քանդակագործների համար, իսկ մարմինը նույնքան համաչափ էր, որքան ծովից ծնվող Վեներայի մարմինը:  

Գարբոն հանդես է եկել ընդամենը 25 ֆիլմում, որոնցից ամենահայտնիները «Հեղեղ»(1926), «Մարմինը և սատանան»(1927), «Սեր» (1927) համր կինոնկարներն են: 

Գարբոն համր կինոյի այն քիչ դերասաններից էր, ում կարիերան չմարեց ձայնային կինոյի ի հայտ գալուց հետո: Ռեժիսորները երկար ժամանակ փորձում էին հետաձգել Գրետայի մասնակցությունը ձայնային ֆիլմերին, քանի որ վախենում էին, թե հանդիսատեսը երես կթեքի խոսող «շվեդական սֆինքսից»: Սակայն նրանց մտավախություններն անհիմն էին` Գրետայի խռպոտ, շվեդական թեթև ակցենտով ձայնը գերեց հանդիսատեսին առաջին իսկ ֆիլմում` «Աննա Քրիսթի»-ում: Այն մեծ էկրան բարձրացավ «Գարբոն խոսում է» կարգախոսով:  

36 տարեկանում կարիերայի գագաթնակետին գտնվող Գարբոն անսպասելի որոշում կայացրեց` թողեց կինոյի աշխարհը և տեղափոխվեց հյուրանոց, թաքնվելով  Հարիետ Բրաուն անվան տակ: Այդպես Գրետա Գարբոն դարձավ ուրվական, լեգենդ, միֆ:

Երբևէ չամուսնացած և երեխաներ չունեցած դերասանուհին մահացավ 1990 թվականի ապրիլի 15-ին: Նրա կարողությունը, որը 32 մլն դոլար է կազմում, համաձայն կտակի ստացավ Գարբոյի միակ զարմուհին:

Գրետա Գարբոն ընդմիշտ մնաց պատմության մեջ իբրև հիանալի դերասանուհի և 20 դարի ամենաառեղծվածային կին: