Գյուղնախարարը նախագահի հրահանգները փոխանցել է ոլորտի պատասխանատուներին

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 18-ին խորհրդակցության էր հրավիրել ոլորտի բոլոր պատասխանատուներին` քննարկելու սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր մարմինների ղեկավարներին տրված հանձնարարականները, հաղորդում է գյուղնախարարության պաշտոնական կայքը:

‹‹Երկրի ղեկավարը, մեր առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների պահանջով, առաջին հերթին բոլորիս ուշադրությունը կենտրոնացրեց ավելի համակարգված և արդյունավետ աշխատանք ցուցաբերելու վրա››,- նշել է նախարարը:

Ըստ Սերգո Կարապետյանի, անդրադառնալով ‹‹Գնումների մասին›› ՀՀ օրենքի իրականացման ոլորտում ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային և կազմակերպչական բնույթի խնդիրներին` նախագահը ժամանակին և խիստ կարևոր գնահատականներ է տվել երկրի տնտեսության զարգացման ընդհանուր միտումներին` զգուշացնելով, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ: 

‹‹Նախագահը հիշեցրեց, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե հակառակը: Եվ որ ‹‹նման թերացումների դեպքում այլևս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու››››,- ասել է Սերգո Կարապետյանը: 

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ոլորտում գնումների և պետական բյուջեի արդյունավետ տնօրինման հետ կապված իր դիտակումները` նախարարը խստիվ հանձնարարել է պահպանել օրենսդրական պահանջներն ու նորմերը, մրցույթների կազմակերպման առավել թափանցիկ ու արդյունավետ ընթացքի ապահովումը: ‹‹Օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում, համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու: Հիշե՛ք, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, դուք եք մեղավոր, և հենց դուք էլ առաջինը պետք է պատասխան տաք կատարվածի համար››,- զգուշացրել է նախարարը: 

Խորհրդակցության մասնակիցներն իրենց հերթին պարտավորվել են անշեղորեն հետևել երկրի ղեկավարի հանձնարարականներին ու հնարավորինս սեղմ ժամկետներում էական փոփոխությունների հասնել ‹‹Գնումների մասին›› օրենքի իրականացման և պետական բյուջեի արդյունավետ տնօրինման գործընթացներում: