Սերբիայում հնարավոր է՝ Կոսովոյի ճանաչման հանրաքվե անցկացվի

Սերբիայի իշխանությունները հնարավոր է՝ իրականացնեն համազգային հանրաքվե, որում հանուն Եվրամիության հետ հետագա ինտեգրման՝ կբարձրացվի Կոսովոյի երկրամասի անկախության ճանաչման հնարավորության հարցը, հաղորդում է բելգրադյան «Երեկեոյան նորություններ» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները Սերբիայի կառավարությունում ու նախագահի աշխատակազմում։

«Եթե առաջ քաշվի պարզ պայման, որ Սերբիան փաստացի ճանաչում է Կոսովոն՝ հանուն եվրաինտեգրման շարունակման, չի բացառվում, որ մեր երկրում անցկացվի հանրաքվե «Կոսովո կամ Եվրոպա» հարցով»,- գրում է թերթը։

Կոսովոյի անկախության հարցը Սերբիայի առավել ցավալի խնդիրն է։ Միջազգային շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ բացահայտ ասում են, որ Սերբիայի (որը երկար տարիներ է՝ Եվրամիություն է ձգտում) հետագա եվրաինտեգրացիան հնարավոր կլինի միայն Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում։

Մինչ այժմ Բելգրադի իշխանությունները դեմոկրատների և նրանց առաջնորդ Բորիս Տադիչի գլխավորությամբ հայտարարել են «և՛ Կոսովո, և՛ Եվրոպա» քաղաքականության իրականացման մասին, ինչը ենթադրում էր պայքար՝ հանուն ինքնահռչակ հանրապետության՝ Սերբիայի կազմում պահպանման և ԵՄ ինտեգրման չափանիշների միաժամանակյա կատարում։

Այս տարվա գարնանը տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Տադիչի դեմոկրատներին իշխանությունում փոխարինեցին ընդդիմադիր ուժերը Տոմիսլավ Նիկոլիչի գլխավորությամբ։

Սերբիայի քաղաքական նոր ուժերը, ինչպես նշում է թերթը, կարծում են, որ ««և՛ Կոսովո, և՛ ԵՄ» քաղաքականությունը գործնականում փակուղի է մտել»։ Դա հատկապես հասկանալի է դարձել Գերմանիայից հնչած վերջին հայտարարություններից հետո, երբ Բելգրադին ու Պրիշտինային մատնանշեցին պատմականորեն թշնամի կողմերին միմյանց միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատում պարտավորեցնող պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Անցյալ շաբաթ այսպիսի հայտարարություն էր արել Գերմանիայի իշխող «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Անդրեաս Շոկենհոֆը։

Այս իսկ պատճառով Արևմուտքի ճնշման պայամններում Սերբիայի իշխանություններին անհրաժեշտ է ձևավորել նոր քաղաքականություն Կոսովոյի նկատմամբ, իսկ իշխանությունները, իրենց հերթին, կարող են խնդիրը վերահասցեագրել քաղաքացիներին։

Ակնկալվում է, որ այս հարցում հստակություն կարող է առաջանալ սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, երբ սերբ առաջնորդները կփորձեն ստուգել աշխարհի առաջատար երկրների վերաբերմունքը Կոսովոյի խնդրի նկատմամբ Սերբիայի եվրաինտեգրման համատեքստում։