Հայաստանը` Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի անդամ

Բելգիայի Թագավորության Լիեժ քաղաքում սեպտեմբերի 12-ից 15-ն անցկացվել է Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի (EPTA) 5-րդ միջազգային գիտաժողովը:

Ինչպես հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, գիտաժողովին մասնակցել են նաև «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը և գիտական քարտուղար Գուրգեն Աֆրիկյանը: Գիտաժողովի փակմանը՝ սեպտեմբերի 15-ին, Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է հուշագիր, որի համաձայն Հայաստանը ևս դարձել է ակադեմիայի անդամ:

Ակադեմիան ստեղծվել է 2010թ. Ֆրանսիայի արդարադատության նախարարության վերապատրաստման կենտրոնի նախաձեռնությամբ: Ակադեմիայի նպատակն է բոլոր անդամ երկրներին տալ միահավասար հնարավորություններ՝ իրենց փորձն ու հմտություններն ավելի մասսայական դարձնելու և փոխանցելու միմյանց: Եվրոպական քրեակատարողական ուսումնական կենտրոնների ակադեմիայի անդամ են Անդորրան, Իսպանիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Ռումինիան, Շվեդիան, Իտալիան, Գերմանիան, Դանիան, Վրաստանը, Իռլանդիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Նիդեռլանդները և Բելգիան: