Ենթադրությունները խուճապ են առաջացնում

Առաջիկայում պահեստազորի մասնակցությամբ նախատեսված զորավարժությունները, ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, պլանային են և որևէ կապ չունեն քաղաքական իրավիճակի հետ: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասում է, որ զորահավաքին մասնակցողներից շատերը կանչվում են ցուցակները ճշտելու համար:

-Պարոն Հովհաննիսյան, ասում են՝ այս տարի պահեստազորի մասնակցությամբ զորավարժություններն աննախադեպ են լինելու: Կասե՞ք՝ ինչ է նշանակում պահեստազորի այդ մասնակցությունը և ինչ ծավալով է այն լինելու:

-Նախ ասեմ, որ այդ ամենը թյուրըմբռնման և սխալ մեկնաբանությունների արդյունք է: Ցանկացած զորավարժություն իր մեջ ունի աննախադեպության տարրեր: Զորավարժությունները մարտունակության բարձրացման կարևորագույն գործոններից են, և ամեն անգամ ինչ-որ նոր բան է փորձարկվում, նոր մարտավարական լուծումներ են լինում: Ինչ վերաբերում է պահեստազորի մասնակցությանը, սա տիպիկ օրինակ է, երբ մենք իրողությունը սխալ ենք մեկնաբանում: Ամեն տարի ՀՀ զինված ուժերը անցկացնում են տարբեր տեսակի զորավարժություններ, որոնց այս կամ այն չափով մասնակցում են պահեստազորայինները: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում հստակ գրված է, որ քաղաքացին մինչև որոշակի տարիք զինապարտ է: Երկու տարին, որ նա պարտադիր ժամկետային զինծառայող է, այդ գործընթացի մի մասն է, մնացած մասն այն է, որ նա հաշվառված է պահեստազորում և համապատասխան կանչով մասնակցում է զորավարժություններին ու մարտունակության բարձրացմանը:

-Ովքե՞ր են մասնակցելու:

-Ամեն տարի որոշակի թիվ մասնակցում է: Կարող են մասնակցել և՛ մի քանի օր/ամիս առաջ զորացրված զինծառայողները, և՛ նախկին ազատամարտիկները. տարիքն այս դեպքում գլխավոր գործոն չէ: Սա բնականոն գործընթաց է. ելնելով մարդկանց զինվորական մասնագիտությունից՝ նրանք ինչ զորամասի են կցագրված, տվյալ զորամասն ինչ խնդիրներ ունի, բխում են որոշակի շղթայական խնդիրներ:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում մասնակիցները: Այսինքն՝ զորավարժության տեսա՞կն է ընտրվում և ըստ այդմ՝ մասնակիցնե՞րը:

-Զորավարժության տեսակը, զորամասը, պահեստազորայինի զինվորական մասնագիտությունը, ինչ առաջնահերթությամբ պիտի կանչվեն՝ սրանք են սկզբունքները: Այդ մարդկանց մեջ կան բացառիկ, եզակի մասնագետներ, որոնք իրենց փորձով ու հմտությամբ շատ են օգնում ժամանակակից զինվորներին: Այստեղ կա նաև հոգեբանական խնդիր. երբ նախկին ազատամարտիկը կամ մի քանի տարի առաջ զորացրված զինվորը հոգեբանական կապի մեջ է ներկայում ծառայող զինվորի հետ, նրանց համատեղ աշխատանքը, միասնականությունը ապահովում են մեր ընդհանուր պաշտպանունակության ընկալումը: Բացի այդ՝ նախկին ազատամարտիկը և նախկին զինվորն իրենց հմտությունները չկորցնելու համար շփվում են ժամանակակից տեխնիկայի հետ, ծանոթանում մարտավարական նոր լուծումներին: Սա բնականոն գործընթաց է: Ի դեպ՝ միայն մեր երկիրը չէ, որ նման պրակտիկա ունի. ամբողջ աշխարհում պետության քաղաքացիներն այս կամ այն չափով մասնակցում են այս գործընթացներին:

-Իսկ զորահավաքների հաճախակիությունը պատերազմական վիճակո՞վ է պայմանավորված, թե՞ ոչ:

-Ես կասեի, որ նույնիսկ մեր այս վիճակի հետ կապված՝ մենք այնքան էլ հաճախակի չենք կանչում պահեստազորայիններին: Օրինակ՝ Իսրայելում, որի հետ մենք սիրում ենք համեմատվել, և որի հետ իրավիճակային նմանություններ կան, պահեստազորայիններն ավելի մեծ մասշտաբով և ավելի հաճախ են ընդգրկվում: Գուցե ժամանակի ընթացքում մենք էլ ավելի շատ ու հաճախ ընդգրկենք պահեստազորայիններին:

-Առաջիկա զորավարժությունը քանի՞ օր է տևելու, քանի՞ հոգի է մասնակցելու:

-Այդ մասնակցություն ասածը ունի տարբեր ձևեր: Մասնակցողներից շատերը կանչվում են ցուցակները ճշտելու համար, և նրանք ոչ մի տեղ չեն էլ գնում, ընդամենը ստուգումներ են անցկացվում: Մարդը կանչվում է՝ պարզելու՝ տեղում է, թե ոչ, մասնագիտությանը համապատասխանում է, թե ոչ, այս զորամասի վրա կցագրված է, թե ոչ և այլն: Ոմանք էլ կանչվում են մեկ, երկու, երեք օրով, ոչ ավելի: Մարդիկ երկար չեն պահվում:

-Մարդիկ այս ժամանակն անցկացնում են զորանոցներո՞ւմ:

-Այո, ոմանք կարող են: Համազգեստ են հագնում, մտնում են զորանոցներ, մարտավարական հանձնարարություն են ստանում և կատարում այնպես, ինչպես ժամկետային զինծառայողը:

-Իսկ այդ զորավարժություններն անցկացվելու են Հայաստանո՞ւմ, թե՞ Լեռնային Ղարաբաղում. կան խոսակցություններ, որ այս անգամ ԼՂ-ում են անցնելու:

-Քանի որ նախատեսվում է ոչ թե մեկ, այլ մի շարք միջոցառումներ, ուստի դրանք անցկացվելու են տարբեր տեղերում, տարբեր մասնակցությամբ, տարբեր ձևաչափերով:

-Այսինքն՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղո՞ւմ:

-Ղարաբաղից ևս որոշ պահեստազորայիններ մասնակցելու են:

-Հաշվի առնելով այն, որ հրապարակային ելույթների ժամանակ պաշտպանության նախարարների մակարդակով ինչ-ինչ մեսիջներ են փոխանցվում Ադրբեջան, այնտեղից՝ Հայաստան, սա կարելի՞ է համարել մեսիջ՝ ուղղված նաև Ադրբեջանին:

-Ես այդպես չէի որակի, քանի որ այս զորավարժություններն ու պլանային միջոցառումները շատ վաղուց են ծրագրվել: Նման միջոցառումները՝ պահեստազորայինների կանչով, հաշվառմամբ, շատ ժամանակ են պահանջում և այս պահին ինչ-որ գործողությունների հապճեպ պատասխան չեն կարող լինել:

-Այսինքն՝ սրանք որևէ կապ չե՞ն կարող ունենալ կամ քի՞չ կապ ունեն այն խոսակցությունների հետ, որ հնարավոր է՝ պատերազմական գործողությունները վերսկսվեն:

-Անկեղծ ասած՝ մեր երկրում վերջին տարիներին չեմ հիշում տևական մի ժամանակահատված, երբ չխոսվի պատերազմի վերսկսման հավանականության ու լարվածության ուժեղացման մասին: Սա ևս տեղեկատվական հոսքերի սխալ ընկալման արդյունք է: Արդեն 20 տարի է՝ նման իրավիճակ է՝ լարում-թուլացում, լարում-թուլացում:

-Հիմա լարվա՞ծ շրջան է:

-Դրանք շրջաններ են, որոնք հետևում են մեկը մյուսին, և ամեն անգամ այս ամենը հայտնության ձևով մեկնաբանելը սխալ է: Իսկ այս կամ մյուս զորավարժությունները զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված հստակ քայլեր են, որոնք տարիներով պլանավորվում են և նպաստելով մարտունակության բարձրացմանը՝ նաև միտված են պատերազմի հավանականությունը նվազեցնելուն: Ուղղակի թե անուղղակի՝ այդպես է:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը