«ՈւրբանԼաբ Երևանը» սկսում է Ճարտարապետական հանդիպումների նոր շրջան

«ՈւրբանԼաբ Երևան» քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտը հայտարարել է Ճարտարապետական հանդիպումների երրորդ՝ 2012թ․ աշնանային շրջանի մեկնարկի մասին: Հանդիպումները հիմնականում տեղի կունենան ՀՃՄ-ի երկրորդ հարկի դահլիճում՝ երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, հինգշաբթի օրերին:

Առաջին հանդիպումը քաղաքաշինարար, ճարտարապետ Արփիար Պետրոսյանի հետ է։ Իրանահայ ճարտարապետը Իրանի մի քանի քաղաքների և թաղամասերի հատակագծմանն է մասնակցել: Նա անդամակցում է Իրանի ճարտարապետների միությանը և Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության վարչության անդամ է: Արփիար Պետրոսյանը նաև Հայաստանում աղետի գոտու` Գյումրի, Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքների վերակառուցման և շինարարության ղեկավարն է եղել:

«ՈւրբանԼաբ Երևան» քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտը բազմադիսցիպլին հետազոտահեն նախագծային կազմակերպություն է։ Այն միտված է բարելավելու մարդածին միջավայրի որակը` քարոզելով մարդկանց առողջ ու որակյալ կյանքի իրավունքը՝ միջավայրի ձևավորման հիմնական պատասխանատուների՝ ճարտարապետների, քաղաքաշինարարների և այլ հարակից մասնագետների սոցիալական դերակատարության կարևորմամբ։