Մատենադարանի հիմնանորոգված շենքը պատրաստ է այցելուներ ընդունելու

Սեպտեմբերի 20-ին` ժ. 16.00-ին, տեղի կունենա Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հիմնանորոգված շենքի պաշտոնական բացումը:

Հին կառույցը նորովի շահագործելու մեկնարկը տրվելու է Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացումից ճիշտ մեկ տարի անց:

Հիմնական շենքը գործելու է իբրև թանգարանային համալիր` հնարավորություն ընձեռելով հայ և համաշխարհային պատմամշակութային արժեքների հանրահռչակման համար: Նախկին մեկ հիմնական ցուցասրահի փոխարեն գործելու է տասնհինգ ցուցասրահ (Արցախի, Վասպուրականի, Արևելյան մանրանկարչության, Միջնադարյան քարտեզների, Բժշկագիտության, Հնատիպ գրքերի, Արխիվային փաստաթղթերի, Նվիրատվությունների և այլն): Առաջին անգամ գործելու է «Վիրտուալ Մատենադարան» ցուցասրահը, որը նպաստելու է ցուցադրվող նմուշների յուրացմանը, հայ գրչության կենտրոնների ու գրավոր մշակույթի վերաբերյալ տեղեկության տարածմանը, տարաբնույթ կրթական ծրագրերի իրականացմանը:

Բացման կապակցությամբ կազմակերպված ցուցադրություններում ներկայացված են Մատենադարանի հավաքածուների լավագույն ձեռագրական նմուշները, առանձնապես արժեքավոր և հազվագյուտ արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերի բացառիկ օրինակները, որոնք արտացոլում են ոչ միայն մեր մշակութային ժառանգությունը, այլև օտար ազգերի հոգևոր, պատմական ու քաղաքական իրողությունները: Հիմնական ցուցադրություններից բացի կազմակերպվելու են նաև ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ:

Սրահները նորոգվել են ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման արդի չափանիշների նկատառումով`կան լուսակարգավորիչ, ջերմախոնավային պայմանակարգի վերահսկման, հակահրդեհային, ազդանշանային և շուրջօրյա տեսահսկողությունն ապահովող սարքեր: