Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը նշել է անգլերենի օրը

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ում անգլերենի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել: Ինչպես հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառման ընթացքում ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դեսպանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները հավելյալ հնարավորություն են ունեցել տեղեկանալու անգլերենի՝ ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկի օգտակարության և կարևորության մասին:

Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը` Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հետ համատեղ:

Լեզվաբանական համալսարանի ռեկտորը, ՄԱԿ-ի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Ամերիկյան և Բրիտանական խորհուրդների ներկայացուցիչները ողջունել են միջոցառման մասնակիցներին, խոսել ՄԱԿ-ում անգլերենի կարևորության մասին:

«Մենք ձգտում ենք խրախուսել հայաստանցի երիտասարդությանը՝ սովորել անգլերեն և ՄԱԿ-ի այլ լեզուներ, և օգնել նրանց հասկանալ, թե որքան կարևոր է ՄԱԿ-ի բազմալեզվությունը վերջինիս բազմաբարդ օրակարգի իրականացման և խաղաղության, բազմազանության ու միջմշակութային երկխոսության խթանման տեսանկյունից՝ հանուն մարդկային զարգացման»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

Միջոցառման ընթացքում համալսարանի բարձր կուրսերի ուսանողները ներկայացրել են բեմականացում բրիտանացի լեզվաբան Դեյվիդ Քրիսթըլի «Շարունակելով ապրել» ստեղծագործության հիման վրա, որը նվիրված է լեզուների պաշտպանության և առաջմղման կարևորությանը:

Նշենք, որ արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Անգլերենը երկրորդն է աշխարհի ամենատարածված լեզուների թվում` համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների:

2010 թ.սկսած ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր» նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուղղված լեզվական և մշակութային բազմազանության պահպանմանն ու խթանմանը:

Մեկնաբանել